Մատչելի հղումներ

Թունիսի նախագահը պաշտոնից ազատել է վարչապետին, պաշտպանության նախարարին ու դադարեցրել խորհրդարանի աշխատանքները


Թունիսի նախագահը պաշտոնից ազատել է երկրի վարչապետին ու դադարեցրել խորհրդարանի աշխատանքները, երբ մայրաքաղաքի փողոցներում շարունակվում են բողոքի ցույցերը: Ցուցարարները բողոքում են քովիդ հիվանդության դեմ կառավարության վարած քաղաքականության դեմ:

Նախագահ Քաիս Սաիեդի կողմնակիցները կիրակի ուշ երեկոյան եւ վաղ երկուշաբթի մայրաքաղաք Թունիսում էին հավաքվել ողջունելու վարչապետի պաշտոնանկությունը:

Նախագահը հայտարարել է, որ վարչապետի եւ խորհրդարանի խոսնակի հետ քննարկումներից հետո ինքը որոշել է օգտվել սահմանադրությամբ իրեն տրված իրավունքից եւ հեռացրել է վարչապետին ու կասեցրել խորհրդարանի ամբողջ գործունեությունը: Այդ թվում, կասեցվել է խորհրդարանի բոլոր անդամների անձեռնմխելիության իրավունքը: Այսպիսով, նախագահը ստանձնել է գործադիր ամբողջ իշխանությունը մինչեւ նոր վարչապետի նշանակումը:

Թունիսի սահմանադրության համաձայն, երկրի նախագահն ունի ‘’անհրաժեշտ միջոցների դիմելու իրավունք, եթե անմիջական վտանգ է սպառնում պետական հաստատություններին, երկրի անվտանգությանն ու անկախությանը:

Խորհրդարանի իսլամիստ նախագահ Ռաշիդ ալ Գանուչին բողոքել է նախագահի որոշման դեմ եւ գիշերվա ընթացքում քայլել դեպի խորհրդարանի շենքը: Լրագրողներին նա տեղում հայտնել է, որ իրեն արգելել են մուտք գործել շենք:

Նա հայտարարել է, որ իր մուտքն արգելելու փոխարեն, զինված ուժերը պարտավոր են աջակցել Թունիսի ժողովրդի իրավունքները:

Գանուչիի իսլամիստական Ալ Նահդա կուսակցությանը հավատարիմ մի քանի հարյուր մարդ երկուշաբթի օրը շարունակել են բողոքի ցույցերը խորհրդարանի շենքի առջեւ, վանկարկել են կոչեր ընդդեմ նախագահի եւ կրկնել Արաբական գարնան այն կոչերը, որոնց համաձայն ‘’ժողովուրդը պահանջում է վարչակարգի տապալում’’:

Թունիսի իշխանությունները արգելափակել են Քաթարի Ալ Ջազիրա հեռուստաալիքի հաղորդումները, հայտարարելով, որ կայանի լրագրողը կարծես թե խրախուսում է փոքրաթիվ բողոքավորներին հանդես գալ կառավարության դեմ կոչերով:

Թունիսից ստացվող հաղորդագրությունների համաձայն, երկուշաբթի օրն այստեղ ավելի հանգիստ է:

Ինչպես քաղաքական վերլուծաբան Ամին Մուսթաֆան է ասում, ‘’Թունիսի բնակչության մեծ մասը մեծապես է վնասվել շարունակվող տնտեսական ճգնժամի ու գործազրկության բարձր մակարդակի պատճառով: Այնպես որ, խորհրդարանի աշխատանքները դադարեցնելու նախագահի որոշումը դժվար թե առաջ բերի բացասական վերաբերմունք’’, ասում է նա:

Սակայն երկրի քաղաքական գլխավոր կուսակցությունները մեղադրում են նախագահին հեղաշրջում իրականացնելու մեջ: Նախագահ Սաեիդը, որը պաշտոնից ազատել է նաեւ պաշտպանության նախարարին, ասում է, որ գործել է սահմանադրությանը համապատասխան:

Բողոքի ցույցերը սկսվել էին կորոնավիրուսի դեմ կառավարության կողմից իրականացվող պայքարը վատ կազմակերպելու եւ տնտեսական ու սոցիալական անհանգստությունների հետեւանքով:

XS
SM
MD
LG