Մատչելի հղումներ

Ամերիկայում ճանապարհները, կամուրջներն ու հեռահաղոդակցության միջոցները զարգացնելու ուղին


Ամերիկայում ճանապարհները, կամուրջներն ու հեռահաղորդակցության միջոցները զարգացնելու ջանքերը նոր թափ կստանան, երբ այս շաբաթ հաստատվի դրա համար նախատեսված 1 տրիլիոն 200 միլիարդ դոլարի հատկացումների փաթեթը: Փաթեթը պատրաստ կլինի շուտով ու կսպասի այն առնվազն 60 ձայներին, որոնք անհրաժեշտ են հաստատման համար: Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ հանրապետականների ու դեմոկրատների միջեւ հավասարապես կիսված Սենատում հանրապետական մի քանի սենատորներ տան իրենց համաձայնությունը:

Որոշ դեմոկրատներ ուզում են, որ այս փաթեթն ընդգրկվի 3,5 տրիլիոն դոլարի այն փաթեթի մեջ, որն ընդգրկում է սոցիալական ենթակառուցվածքները, այդ թվում`երեխաների խնամքի ծրագիրը, կրթությունը եւ կլիմայական փոփոխությունների հետ կապված նախագծերը:

Ներկայացուցիչների պալատի խոսնակ, դեմոկրատ կոնգրեսական Նենսի Փելոսին հայտարարել է, թե ինքը որոշման նախագիծը կներկայացնի Պալատին, երբ Սենատը հաստատի վերը նշված 3,5 տրիլիոն դոլարի համարժեք մեծ փաթեթը:

‘’Նախագահն ասել է, որ ուզում է տեսնել երկու կուսակցությունների կողմից հավանության արժանացած բանաձեւ, եւ մենք պիտի դա անենք: Նախագահն ուզում է այս գործը կազմակերպել այնպես, որպեսզի մեր երկրի բարգավաճման մեջ ընդգրկվեն ավելի մեծաթիվ մարդիկ’’, ասել է Փելոսին:

Արդեն երկար տարիներ է, որ Ամերիկայի ենթակառուցվածքների առողջական վիճակը հետ է մնում զարգացած մի շարք երկրների համեմատ: Եվ նման փաթեթները դառնում են նոր նախագահների համար փորձաշրջան: Նրանց թվում է Ջո Բայդենը, որի գլխավոր նպատակն այժմ երկու կուսակցություններին այս ծրագրի շուրջ բերելն է:

Սակայն դա իրականացնելու համար Կոնգրեսի երկու պալատներն էլ քիչ ժամանակ այսօր ունեն մինչեւ օգոստոսյան արձակուրդները սկսվելը:

XS
SM
MD
LG