Այս շաբաթ Իրաքի մայրաքաղաքում մահապարտի կողմից իրականացվեց ռմբային հարձակում, ինչին զոհ գնաց առնվազն 34 մարդ: «Իսլամական պետություն» խմբավորումն իր վրա է վերցրել հարձակման պատասխանատվությունը, հարձակումներ, որոնք փորձում են կանխել ԱՄՆ-ի կողմից վերապատրաստված իրաքյան ուժերը: Ակնկալվում է, որ ԱՄՆ-ի աջակցությունն այն ուղղությամբ կշարունակվի, ինչն էլ դառնալու է Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Քադիմիի հետ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հանդիպման գլխավոր թեմա: Այս մասին ասել է Սպիտակ տան մամլո խոսնակ Ջեն Փսաքին:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը իր զորքերն Իրաքից դուրս էր բերել 2011 թվականին Իրաքի պատերազմն ավարտված համարելուց հետո: Սակայն “Իսլամական պետություն” ծայրահեղական խմբավորման կողմից Իրաքում եւ Սիրիայում 2014 թվականին սկսված ապստամբությունից հետո ամերիկյան ուժերը վերադարձան այստեղ:
Ապրիլ ամսին ԱՄՆ-ը ու Իրաքը համաձայնվեցին, որ ամերիկյան ուժերի առաքելությունը կենտրոնանալու է մարզումներ անցկացնելու եւ խորհրդատվական գործունեություն ծավալելու վրա: Ամերիկյան զինված առաքելության ավարտի մասին պայմանագիրը ստորագրվելու է ուրբաթ օրը: Այս մասին ‘’Ամերիկայի Ձայն’’-ի քրդական ծառայությանն ասել է Իրաքի արտաքին գործերի նախարար Ֆաուդ Հուսեյնը:
‘’Սակայն, ինչպես եւ երբ են դուրս գալու, կախված կլինի երկու կողմերի միջեւ ժամանակացույցի շուրջ ստորագրվելիք պայմանագրի կետերից’’, ասել է նա:
Չնայած Բաղդադը փորձում է ցույց տալ, որ պատրաստ է ինքնուրույն կերպով ապահովել իր անվտանգությունը, Իրանի աջակցությունը վայելող զինված խմբավորումները շարունակում են ԱԹՍ-ների եւ հրթիռային հարձակումների միջոցով թիրախի տակ պահել ամերիկյան եւ իրաքյան ուժերին: Իրաքի կառավարությունը ամերիկյան ուժերը դուրս հրավիրելու հարցով նաեւ հայտնվել է Իրանի հետ կապ ունեցող քաղաքական ուժերի ճնշումների ներքո:
Սակայն իրականում Բաղդադն ունի ամերիկյան ռազմական ուժերի աջակցության կարիքը, եթե ցանկանում է պահպանել կայունություն, չնայած Մերձավոր Արեւելքից հեռանալու Ջո Բայդենի վարչակազմի մեծ ցանկությանը, ասում են վերլուծաբաններից շատերը:
Իրաքում այժմ մնացել են ամերիկյան 2500 թվակազմով ուժեր, եւ նրանց պարտականություններում փոփոխություն իրականացնելու հարցը չի նշանակում թվակազմի կրճատում: Սակայն ռազմական առաքելությունն ավարտելու շուրջ պաշտոնական հայտարարությունը կարելի է համարել Իրաքում հոկտեմբերին անցկացվելիք խորհրդարանական ընտրություններից առաջ վարչապետ Մուսթաֆա ալ Քադիմիի համար քաղաքական հաղթանակ: