ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը նախազգուշացրել է, որ վճռականորեն է տրամադրված Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցում` կապված ‘’Հյուսիսային հոսք 2’’ գազատարի հետ, չնայած նախագիծը շարունակելու հարցում Գերմանիայի հետ կնքված պայմանագրին:
‘’Ես շեշտում եմ, որ չենք հրաժարվում մեր հնարավորությունների սահմաններում որեւէ միջոցից’’, ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը:
Ըստ Փրայսի, Գերմանիայի հետ կնքված գործարքը չի կրճատում Ռուսաստանի դեմ Միացյալ Նահանգների կողմից պատժամիջոցներ սկսելու սահմանները:
Փրայսը նորից շեշտել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է դեմ լինել գազատար այս խողովակաշարի կառուցմանը, որը նախատեսում է ռուսական գազը Բալթիկ ծովի ընդերքով տեղափոխել դեպի Արեւմտյան Եվրոպա: Վաշինգտոնը հավատացած է, որ այսպիսով կմեծանա Ռուսաստանից Եվրոպայի կախվածությունը եւ կվնասի Ուկրաինայի շահերին, որը որպես տրանզիտային պետություն, շահույթ է ստանում իր տարածքով անցնող մեկ այլ գազատարի դիմաց:
‘’Սա վատ գործարք է: Վատ գործարք է նաեւ Գերմանիայի ու մեր գործընկերների համար, քանի որ այն կարող է դառնալ գործիք, որով Ռուսաստանի Դաշնությունը կստանա ընդդեմ մեր գործընկերների գործելու հնարավորություն: Այնպես որ, պատժամիջոցներ սկսելու հարցը օրակարգում է’’, ասել է Փրայսը:
‘’Մենք շեշտում ենք, որ շարունակելու ենք հետևել օրենքին: Իսկ օրենքը պահանջում է, որ մենք պատրաստենք հաշվետվություն այն գործունեության վերաբերյալ, որը կարող է հանգեցնել պատժամիջոցների: Մենք դա անելու ենք’’, - նշել է նա:
‘’Այս միջոցը կիրառելու կարողությունը բխում է ազգային շահերից, եւ մենք որեւէ կերպ չենք հրաժարվելու դրանից’’, ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը: