Մատչելի հղումներ

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումներին անդրադարձ եղավ 907-րդ բանաձևին


Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Ռոբերտ Մենենդեզ

Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում անցան նշանակումների հետ կապված լսումներ, որի ընթացքում հնչեցին նաև Հայաստանին ու Ադրբեջանին, ինչպես նաև Թուրքիային առնչվող հարցեր

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում օրերս կայացան մի շարք պաշտոնյաների թեկնածությունների հաստատման մասին լսումներ, որի ընթացքում հանձնաժողովի նախագահ, սենատոր Ռոբերտ Մենենդեզն իր մտահոգություն է հայտնել գործող վարչակազմի կողմից «Ազատության աջակցության ակտի» 907-րդ բանաձևի կիրառումը կրկին չեղարկելու առնչությամբ և դրա հետ կապված հարց ուղղել լսումներին մասնակից Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղարի թեկնածու Քերըն Դոնֆրիդին: Հիշեցնենք, որ 1992 թ.-ին ընդունված բանաձևն արգելում է ամերիկյան կառավարության ուղիղ աջակցությունն Ադրբեջանին, բացի մարդասիրականից, քանի դեռ Բաքուն միջոցներ չի ձեռնարկել՝ ՀՀ-ի և Լեռնային Ղարաբաղի դեմ շրջափակումներն ու ուժի կիրառումը վերացնելու ուղղությամբ:

«Ադրբեջանն այժմ սահմանային վեճի արդյունքում ներխուժել է Հայաստանի ֆիզիկական տարածք, ևկարծում եմ՝ նրանք կշարունակեն լինել ագրեսիվ, քանի դեռ չեն ստացել հստակ ուղերձ այն մասին, որ դա անընդունելի է»,- հայտարարել է Մենենդեզը:

Պատասխանելով սենատորի հարցին՝ Դոնֆրիդը պատրաստակամություն է հայտնել համագործակցել Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հետ:

«Չափազանց կարևոր է, որ ցանկացած աջակցություն, որը մենք տրամադրում ենք Ադրբեջանին, որևէ կերպ չանդրադառնա Հայաստանի ու Ադրբեջանի միջև ուժերի հավասարակշռությանը: Մենք հանձնառու ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը»,- պատասխանել է Դոնֆրիդը:

Լսումներին սենատոր Մենենդեզը փոխպետքարտուղարի թեկնածուին հարցեր ուղղեց նաև Արևելյան Միջերկրածովում Թուրքիայի վարած քաղաքականության և ԱՄՆ-ի արձագանքի մասին: Սենատորը քննադատության ենթարկեց Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարությունը, ըստ որի՝ Կիպրոսի հարցի շուրջ բանակցությունները պետք է ընթանան երկու պետությունների միջև: Մենենդեզը Էրդողանին մեղադրեց Կիպրոսի հարցում ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևերը խախտելու մեջ:

՛՛Էրդողանը խախտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր բանաձևերը: Նա այսօր գտնվում է Կիպրոսի հյուսիսում` սադրելով և մարտահրավեր նետելով Եվրամիության մաս կազմող երկրին՛՛,- ասել է սենատորը:

Նրա կարծիքով ԱՄՆ-ի մի շարք վարչակազմեր բավականին պասիվ են արձագանքել այս ու նման զարգացումներին: Սենատոր Մենենդեզին հետաքրքրում է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղարի թեկնածու Դոնֆրիդի մոտեցումն այս հարցում:

Վերջինս վստահություն է հայտնել, որ ԱՄՆ-ի կառավարությունը կդատապարտի Թուրքիայի նախագահի և թուրք կիպրոսցիների առաջնորդի վերջին հայտարարությունները Վարուշա բնակավայրի ու Հյուսիսային Կիպրոսի կարգավիճակի մասին, քանի որ դրանք հակասում են ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերին:

՛՛Այս գործողությունները սադրիչ են, դրանք ապակայունացնող են տարածաշրջանի համար և խոչընդոտում են Կիպրոսի՝ երկհատվածային, երկհամայնքային դաշնության հիմքի վրա ցանկացած կարգավորումը՛՛,- հայտարարեց Դոնֆրիդը:

Վերոհիշյալից բացի լսումներին օրենսդիրների կողմից բարձրացվեցին Վրաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Սուդանի և այլ երկրների ու խնդիրների հետ կապված հարցեր:

Facebook Forum

XS
SM
MD
LG