Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը եւ նրա դաշնակիցները Չինաստանին մեղադրում են համաշխարհային կիբերլրտեսության մեջ


Միացյալ Նահանգները, Կանադան, ՆԱՏՕ-ն, Եվրոպական միությունը, Մեծ Բրիտանիան, Ավստրալիան, Ճապոնիան ու Նոր Զելանդիան դատապարտում են Չինաստանի կողմից իրականացվող կիբերլրտեսությունը, որը, ըստ ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, ‘’լուրջ սպառնալիք է’’ տնտեսության եւ ազգային անվտանգության համար:

Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսաքին երկուշաբթի օրն ասել է, որ Բայդենի վարչակազմն ունի Չինաստանի դեմ հավելյալ գործողությունների դիմելու իրավունք: Վաշինգտոնում Չինաստանի դեսպանությունն այս առնչությամբ դեռեւս հանդես չի եկել մեկնաբանությամբ:

Չինաստանի պաշտոնատար անձինք նախկինում հայտարարել էին, որ Չինաստանը նույնպես դառնում է հաքերային հարձակումների զոհ, եւ որ Պեկինը դատապարտում է այդ գործողությունները:

Եթե Վաշինգտոնը եւ նրա ջերմ աջակիցները, ինչպես օրինակ Մեծ Բրիտանիան ու Կանադան ուղղակիորեն դատապարտում են Չինաստանին հաքերային հարձակումներ իրականացնելու մեջ, մյուս երկրները ցուցաբերում են ավելի զսպված մոտեցում: Օրինակ ՆԱՏՕ-ն հայտարարել է, թե դաշինքն ու նրա անդամները ‘’ընդունում են’’ Պեկինի դեմ ԱՄՆ-ի, Կանադայի եւ Մեծ Բրիտանիայի կողմից հնչող մեղադրանքները: Եվրոպական միությունը կոչ է անում Չինաստանին դադարեցնել ‘’կիբերհարձակումների թունավոր’’ գործունեությունը:

Սակայն Միացյալ Նահանգները պաշտոնապես հայտարարում է, որ հաքերային հարձակումները առնչվում են Չինաստանի Պետական անվտանգության նախարարության հետ: ‘’Մայքրոսոֆթ’’ ընկերությունը, որի սերվերները հարձակման էին ենթարկվել այս տարվա սկզբին, նույնպես դատապարտում է Չինաստանին:

ԱՄՆ-ի անվտանգության եւ հետախուզական գործակալությունները նկարագրում են Չինաստանի պետության կողմից հովանավորվող հիսուն միջոցներ:

Ջո Բայդենի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարում են, որ իրենց մտահոգություններն են այս առնչությամբ ներկայացրել Չինաստանի իրենց պաշտոնակիցներին:

Ըստ հաղորդագրությունների, իրականացվող հաքերային հարձակումների նպատակն օդագնացության, պաշտպանության, կրթության, կառավարության, առողջապահության, կենսադեղագործության ճյուղերից առեւտրային գաղտնիքներ հափշտակելն է:

Նման հարձակումների են ենթարկվել Ավստրիան, Կամբոջան, Կանադան, Գերմանիան, Ինդոնեզիան, Մալայզիան, Նորվեգիան, Սաուդյան Արաբիան, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Շվեյցարիան, Միացյալ Թագավորությունը եւ Միացյալ Նահանգները:

ԱՄՆ-ի գլխավոր դատախազի տեղակալ Լիսա Մոնակոյի կողմից հրապարակված հայտարարության մեջ ասված է, թե ‘’Քրեական մեղադրանքների համաձայն, Չինաստանը շարունակում է կիբերհարձակումների միջոցով հափշտակել այլ երկրների ստեղծածը` անտեսելով երկկողմ ու բազմակողմ համաձայնագրերով ստանձնած իր պարտավորությունները’’:

XS
SM
MD
LG