Մատչելի հղումներ

Մի՛ տարածեք ստեր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մասին


ԱՄՆ-ի ամբողջ տարածքում քովիդ հիվանդությամբ վարակվածության դեպքերը գրանցում են նկատելի աճ: Դրա պատճառներից մեկը շատ ավելի վարակիչ Դելտա անվանումը կրող տարատեսակն է: Մյուս պատճառը մեծաթիվ համայքներում պատվաստումների նկատմամբ առկա վախն է եւ պատվաստումների ցածր մակարդակն այստեղ:

Դեռեւս հունիսի կեսերին էր, որ Կալիֆոռնիան հանեց համավարակի պատճառով ուժի մեջ մտցրած սահմանափակումները: Այսօր մի շարք քաղաքներում, ինչպես օրինակ Լոս Անջելեսում, նորից ուժի մեջ է մտել փակ տարածքներում դիմակ կրելու պարտադրանքը:

Կորոնավիրուսի Դելտա տարատեսակը տարածվելու նշաններ է ցույց տալիս նույնիսկ այն հատվածներում, որտեղ բնակչության մեծ մասը ենթարկվել է պատվաստումների: Օրինակ Սան Ֆրանցիսկոյում, որտեղ 12-ից բարձր տարիք ունեցողների 76 տոկոսը ենթարկվել է պատվաստումների, վարակվածության դեպքերն աճել են քառապատիկ:

Նախագահ Ջո Բայդենը, որը շարունակ հորդորում է մարդկանց չհրաժարվել պատվաստումներից, ասում է, որ այժմ հիվանդանոց տեղափոխվող գրեթե բոլոր անձինք չպատվաստված քաղաքացիներն են:

ԱՄՆ-ի գլխավոր վիրաբույժ Վիվեք Մըրթիի խոսքերով, ինքն անհանգստացած է Արքանզաս, Միսուրի, Նեւադա, Ֆլորիդա եւ Լուիզիանա նահանգներում չպատվաստված անձանց շրջանում աճող վարակակիրների թվով:

Բայդենի վարչակազմն այսօր կոչ է անում սոցիալական լրատվամիջոցներին անել ավելին` հակադարձելու այս ընկերությունների կայքերում տարածվող ապատեղեկատվությանը: Ֆեյսբուքը հայտարարում է, որ կորոնավիրուսի մասին ապատեղեկատվություն տարածող 18 միլիոն հրապարակում է ջնջել, եւ որ շարունակելու է նման կերպ պայքարը: Սակայն ապատեղեկատվության դեմ պայքարը շատ ավելի մեծ ջանք ու կամեցողություն է պահանջում բոլորի կողմից: Չէ որ խոսքը ոչ միայն հիվանդության, այլ նաեւ մարդկային կյանքի մասին է: Մի տարածեք ստեր, ասում են նրանք:

XS
SM
MD
LG