Մատչելի հղումներ

Բելառուսի ընդդիմության առաջնորդ Տիխանովսկայան` Վաշինգտոնում


Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան պաշտոնական իր առաջին ուղեւորությունն է կատարում ԱՄՆ-ում:

Առջեւում զբաղված շաբաթ է, որի ընթացքում նա հանդիպումներ է ունենալու ԱՄՆ-ի բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների հետ: Նա Միացյալ Նահանգներ է ժամանաել Պետդեպարտամենտի հրավերով:

‘’Ես ուզում եմ, որ Միացյալ Նահանգները Բելառուսը պահի իր ուշադրության կենտրոնում, եւ ես այստեղ ներկայացնելու եմ իմ երկրում տիրող իրադրությունը, սաստկացող բռնությունները’’, ասել է նա:

Հիշեցնենք, որ Տիխանովսկայան Բելառուսից փախուստի էր դիմել իր երկու մանկահասակ երեխաների հետ, երբ անցյալ տարի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վարչակարգը բռնի ուժ կիրառեց ընդդեմ օգոստոսյան նախագահական ընտրությունները կեղծիքների պատճառով անվավեր ճանաչելու պահանջով փողոցներ դուրս ելած խաղաղ ցուցարարների:

‘’ԱՄՆ-ին կոչ եմ անում լինել մեզ հետ: Դա շատ կարեւոր է այն պահին, երբ Բելառուսի վարչակարգը ոչնչացնում է ամեն ինչ, այդ թվում զանգվածային լրատվամիջոցները, կազմակերպությունները’’, ասում է Տիխանովսկայան:

Ժողովրդավարության համար պայքարի դուրս ելած Բելառուսի համար այսօր չափազանց կարեւոր է այդ ցույցերի ժամանակ ձերբակալված ավելի քան 500 քաղբանտարկյալների ազատ արձակումը, որոնց մեջ է նաեւ նրա ամուսինը:

‘’Դրան հասնելու համար պահանջվում է քաղաքական, տնտեսկան ճնշումներ ընդդեմ Մինսկի: Եվ ես համոզված եմ, որ դա շուտով տեղի կունենա’’, ասում է Տիխանովսկայան, ում վաշինգտոնյան հանդիպումները ուշադրությամբ հետեւելու են ոչ միայն Բելառուսում, այլ նաեւ Ռուսաստանում, որի նախագահ Պուտինը Բելառուսը համարում է իր ‘’քաղաքական հենարանը’’:

Վերլուծաբան Ջոնաթան Քաթսի խոսքերով, Պուտինը չէր ուզենա տեսնել իր աջակից ավտոկրատ Լուկաշենկոյի անկումը, եւ չի ուզում տեսնել որեւէ ժողովրդավարություն ռուսական սահմանների մոտակայքում:

ԱՄՆ-ի քաղաքական շրջանակներում դա լավ են գիտակցում, եւ ասում են, թե ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջեւ կապերը կարող են եւ անքակտ չլինել:

Դեմոկրատ սենատոր Բեն Քարդինի խոսքերով, հարկավոր է կրկնապատկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները:

Իսկ այս ընթացքում, երբ Բելառուսի դեմ գործում են ԱՄՆ-ի ու Եվրոպական միության հաստատած պատժամիջոցները, այստեղ նոր հարվածի տակ են հայտնվում քաղաքացիական հասարակությունն ու լրատամիջոցները: Այստեղ անցյալ շաբաթ առանց դատավարության տեղի ունեցան ձերբակալություններ ու կալանքներ:

XS
SM
MD
LG