Եթե ԱՄՆ-ում այսօր փորձում են ավելի կասկածամիտ մարդկանց համոզել ստանալու համար քովիդ հիվանդության դեմ պատվաստումներ, աշխարհի մեծաթիվ երկրներում ոչ միայն ուզում են ենթարկվել պատվաստումների, այլ նաեւ մեծ գումարներ են ծախսում այդ նպատակի համար:
Օրինակ Ինդոնեզիայից, որտեղ արագ տարածում է գտնում Դելտա անվանումը կրող տարատեսակը, մեծաթիվ մարդիկ են գալիս ԱՄՆ, որպեսզի այստեղ ենթարկվեն պատվաստումների:
Ինչպես նրանցից շատերն են ասում, այս ամբողջ ճամփորդությունից սկսած, մինչեւ պատվաստման պահը շատ ավելի դյուրին էր, քան իրենք էին պատկերացնում:
ԱՄՆ-ում որոշ քաղաքներ, ինչպես օրինակ Նյու Յորքը պատվաստումներ են առաջարկում նաեւ ոչ ամերիկացիներին, դրանով իսկ փորձելով զարկ տալ զբոսաշրջությանը:
ԱՄՆ-ում այսօր արդեն 24 նահանգներում չեն պահանջում ԱՄՆ-ում բնակության իրավունքի փաստաթղթեր: Եվ մեծաթիվ երկրներում, այդ թվում Ինդոնեզիայում մեծապես ակտիվանում են զբոսաշրջային ընկերությունները: Վերջիններս առաջարկում են փաթեթներ, որոնք ընդգրկում են ոչ միայն օդային ճամփորդությունը դեպի ԱՄՆ ու հյուրանոցների ամրագրումը, այլ նաեւ ժամադրություն` պատվաստումների համար: Ամենաէժանը չորսօրյա ճամփորդությունն է դեպի Հավայի, որի համար հարկավոր է վճարել 550 դոլար: Կա նաեւ ամբողջ ԱՄՆ-ի տարածքով ճամփորդելու առաջարկ: Այն 52 օրվա ճամփորդության փաթեթ է, որն արժե 3600 դոլար: Թանկ է, սակայն մեկ օրվա կտրվածքով, գրեթե երկու անգամ ավելի էժան, քան Հավային:
Սակայն որքան էլ լինի էժան, ոչ բոլորին է այն հասանելի: Այդ պատճառով Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը շարունակում է COVAX անվանումը կրող ծրագիրը, որի շրջանակներում աղքատ ու միջին եկամուտներ ունեցող 135 երկրներ է առաքել 105 միլիոն չափաբաժին պատվաստանյութ: Սակայն, ինչպես աղքատության դեմ պայքարող միջազգային կազմակերպություններն են ասում, աղքատ երկրներին մինչ այժմ բաժին է հասել քովիդի դեմ պատվաստանյութերի միյան մեկ տոկոսը: Դա նրանց ստիպում է մեկ անգամ եւս կոչ անել ու հորդորել հարուստներին, արագացնել պատվաստանյութերի բաշխման գործընթացն ամբողջ աշխարհում: