Մատչելի հղումներ

Մոսկվայն մտահոգված է ԱՄՆ-ի զորքրեի դուրսբերմամբ Աֆղանստանից. վերլուծաբանների կարծիք


Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումը հարցեր է առաջացնում, թե ով է լրացնելու դրա արդյունքում առաջացած բացը: Մոսկվայում Կրեմլը թերահավատորեն է նայում «Թալիբան» շարժման վերջին առաջխաղացմանը, և թե ինչպես այն կարող է ազդել Կենտրոնական Ասիայի վրա

Մոսկվան մեկնաբանում է ամերիկյան ուժերի դուրսբերումը Աֆղանստանից:

«ԱՄՆ-ը ոչ միայն զորքեր է դուրս բերում Աֆղանստանից, այլ նաև հետ է քաշվում ՝ փաստորեն ընդունելով իր 20-ամյա առաքելության ձախողումը»,- ասում է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սկզբում հավանություն էր տվել ԱՄՆ ռազմական գործողություններին, մասամբ այնպատճառով, որ ամերիկյան ներկայությունը դե ֆակտո լուծեց Ռուսաստանի սեփական մտահոգություններն Աֆղանստանում ահաբեկչական սպառնալիքի վերաբերյալ:

Սակայն երբ ԱՄՆ-ը նախաձեռնեց զորքերի դուրս բերում, ըստ վերլուծաբանների, Կրեմլը բացահայտ անհանգստություն սկսեց ցուցաբերել, որ վերսկսված մարտական գործողությունները և փախստականների ալիքը կարող են ուղղվել դեպի հարևան Կենտրոնական Ասիայի երկրներ ՝ այսպիսով տարածելով իսլամական ծայրահեղականությունը տարածաշրջանում և ՌԴ սահմանների մոտ:

«Մտածելով սեփական անվտանգության մասին ՝ Ռուսաստանը բացարձակապես այլ ելք չունի, քան միջամտել Կենտրոնական Ասիա, եթե այնտեղ իրավիճակն անկայունանա»,- ասում է ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Գոլցը:

Վերջին օրերին Ռուսաստանի պաշտոնյաները հյուրընկալեցին Թալիբանի ներկայացուցիչներին Մոսկվայում: Երկու կողմերն էլ փորձում են ստանալ անվտանգության երաշխիքներ:

Թալիբանի բանակցողները պնդում են, որ իրենց զինյալներն այժմ վերահսկում են Աֆղանստանի տարածքի 85 տոկոսը, բայց բացառում հարձակումները Ռուսաստանի ռազմական դաշնակիցների՝ օրինակ Տաջիկստանի ուղղությամբ, որի հետ Մոսկվան ունի կոլեկտիվ անվտանգության պայմանագիր:

Սակայն այս օրերին մի քանի հազար մարդ հատել է սահմանը Թալիբների առաջխաղացման և Աֆղանստանի կառավարական զորքերի հետ բախումների պայմաններում: Ըստ վերլուծաբանների, անկախ նրանից, թե որքան տարածք են վերահսկում այսօր թալիբները, ակնհայտ է, որ նրանք հասել են Տաջիկստանի հետ սահմանին:

Միևնույն ժամանակ, ներքաղաքական վերլուծաբանները շտապեցին նշել, որ Կրեմլը բանակցում է մի խմբի հետ, որը պաշտոնապես համարվում է ՌԴ-ում «ահաբեկչական կազմակերպություն»: Վերլուծաբաններն այստեղ դիտարկում են երկակի չափանիշի մոտեցում՝ կապված վերջերս Նավալնիի հիմնադրամը ծայրահեղական ճանաչելու հետ:

«Նավալնիին և նրա հետևորդներին երբեք թույլ չի տրվի հավաքներ կազմակերպել Մոսկվայում, բայց եթե դուք թալիբան եք, ապա ինչու՝ ոչ: Եթե դա այն է, ինչ ուզում են իշխանությունները, ապա դա կեղծավոր է և ցինիկ: Անգամ թալիբներին թույլատրվում է անել այն, ինչ Կրեմլի քաղաքական հակառակորդներին՝ ոչ»,- նշում է «Նովայա գազետա» թերթի քաղաքական խմբագիր Կիրիլ Մարտինովը:

Այսօր քչերն են կարծում, որ Կրեմլը ցանկանում է կրկին ներգրավվել ռազմական ճանապարհով Աֆղանստանում՝ հաշվի առնելով Մոսկվայի 1980-ականների տասնամյա պատերազմն այստեղ, որն ավարտվեց պարտությամբ: Սակայն ամերիկյան ռազմական առաքելության ավարտով մեծանում է վտանգը, որ Մոսկվան հանգամանքների բերումով կարող է ստիպված լինել կրկին ներգրավվել Աֆղանստանի զարգացումներում:

Facebook Forum

XS
SM
MD
LG