Մատչելի հղումներ

Կուբայում շարունակվող ցույցերը կարող են սպառնալ կոմունիստական կառավարությանը


ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն իր աջակցությունն է հայտնում Կուբայում անցկացվող վերջին տասնամյակների ընթացքում հակակառավարական ամենամարդաշատ բողոքի ցույցերի մասնակիցներին:

‘’Կուբայի ժողովուրդը վճռականորեն է տրամադրված ավտորիտար վարչակարգից ազատվելու հարցում: Եվ Միացյալ Նահանգները ամուր կանգնած է Կուբայի ժողովրդի կողքին ու կոչ է անում Կուբայի կառավարությանը խուսափել բռնությունների կիրառումից եւ ժողովրդի ձայնը լռեցնելու փորձերից’’, ասել է նա:

Հիշեցնենք, որ կիրակի օրն անցկացված ցույցերի ժամանակ, երբ մարդիկ վանկարկում էին ‘’ազատություն’’ եւ ‘’միասնություն’’ կոչերը, Հավանայի ոստիկանությունն իրականացրեց մի շարք ձերբակալություններ:

Դրանից հետո էր, որ ցույցերը մայրաքաղաքից տեղափոխվեցին այլ քաղաքներ, այդ թվում Սան Անտոնիո դե լոս Բանոս: Մարդիկ այստեղ բողոքում են սննդմթերքի պակասի, էլեկտրականության անջատումների, բժշկական անհրաժեշտության պարագաների սղության դեմ:

Սակայն Կուբայի նախագահ Միգուել Դիազ-Քանելը սոցիալական այս անհանգստության համար մեղադրում է իր երկիրը տնտեսապես ‘’ճնշելու նպատակ ունեցող ԱՄՆ-ին’’:

‘’Այն խնդիրները, որոնք լուծելու պահանջով մարդիկ դուրս են եկել փողոց, երկիրը շրջափակման մեջ պահելու հետեւանք է’’, հայտարարել է Կուբայի նախագահը:

Սպիտակ տունը հերքում է հասարակական անհանգստությունների մեջ ԱՄՆ-ին մեղադրելու նախագահ Դիազ Քանելի հայտարարությունները:

Հիշեցնենք, որ Կուբան կոմունիստական կառավարման ներքո է գտնվում 1959 թվականից ի վեր, երբ Ֆիդել Կաստրոյի ժողովրդական հեղափոխությունը ստիպեց բռնակալ Ֆուլքենցիո Բատիստային փախուստի դիմել այս կղզուց:

Միացյալ Նահանգները 1962 թվականին հայտարարեց բեռնարգելք այս երկրի հետ: Այն ինչ որ չափով մեղմվեց 2000 թվականին, երբ Կոնգրեսն ընդունեց օրենք, որը թույլ էր տալիս ամերիկյան բիզնեսներին սննդամրթերք ու մարդասիրական ապրանքներ վաճառել այստեղ:

Սակայն 2021 թվականի հունվար ամսին, մինչեւ պաշտոնը թողնելը, նախկին նախագահ Դոնալդ Թրամփը նոր պատժամիջոցներ սահմանեց Կուբայի դեմ, այս երկիրը նորից ընդգրկելով ‘’ահաբեկչությունը սատարող երկրների’’ շարքում:

Մեծաթիվ վերլուծաբաններ են ասում, որ չնայած բողոքի վերջին ցույցերը Կուբայում տնտեսական ճգնաժամի հետեւանք են, դրանք իրենց մեծ ծավալների պատճառով կարող են մեծապես սպառնալ երկրի կոմունիստական կառավարությանը:

XS
SM
MD
LG