ԱՄՆ-ի այն հատվածներում, որտեղ գրանցվել է կորոնավիրուսի դեմ իրականացված պատվաստումների ցածր մակարդակ, արձանագրվում է հիվանդանոցներ տեղափոխվող անձանց թվի աճ: Նրանց շարքում 18-49 տարեկան անձանց թիվը կազմում է 40 տոկոս:
Երկրի նախագահ Ջո Բայդենն անցյալ շաբաթ հայտարարեց, որ ժամանակն է ամեն կերպ վստահեցնելու համար մարդկանց, որ պատվաստումը չափազանց կարեւոր է երկրի համար: ‘’Մենք պետք է դա անենք քաղաք առ քաղաք, համայնք առ համայնք’’, ասել էր նա:
Երկրի հանրապետական ընդդիմությունն այս խոսքերը որակել էր որպես իշխանությունների կողմից պարտադրանքի դիմելու քայլ: Դեմոկրատ նախագահի վարչակազմից բացատրում են, որ պարտադրանք չի լինելու, այլ լինելու է ավելի մեծ աջակցություն այն նահանգներին, որտեղ կա պատվաստումների հարցում օգնության կարիք:
Պատվաստումների հարցը նույնիսկ դարձել է քաղաքական մրցակցության ձեւ: Հարցման ենթարկված հանրապետականների կեսից պակասն է ենթարկվել պատվաստումների: Պատվաստումներ ընդունել է հարցման ենթարկված դեմոկրատների 93 տոկոսը:
Քովիդ հիվանդության պատճառով հիվանդանոցներ տեղափոխվող անձանց թվի կտրուկ աճ է գրանցվել Արքանզաս նահանգում, որը հիմնականում ունի հանրապետական ուղղվածություն: Այստեղ բնակչության միայն 32 տոկոսն է ստացել պատվաստումների երկու չափաբաժինը:
Աշնանը լիովին կվերաբացվեն դպրոցները: Սակայն այն հարցը, թե աշակերտներն ու ուսուցիչները պիտի կրեն դիմակներ թե ոչ, նույնպես տարաձայնությունների առարկա է դարձել հանրապետականների ու դեմոկրատների միջեւ: Օրինակ Արքանզասի եւ Թեքսասի հանրապետական նահանգապետներն ասում են ‘’ոչ’’: Կալիֆոռնիայի դեմոկրատ ղեկավարությունն ասում է ‘’այո’’: