Մատչելի հղումներ

Պատվաստումների ընթացքի ու մայրենի լեզվի միջեւ կապը` Թուրքիայի քրդաբնակ հատվածներում


Թուրքիայի քրդաբնակ հարավարեւելքում կորոնավիրուսի դեմ պատվաստումների թիվը կազմում է միայն երեսուն տոկոս, ինչը նկատելիորեն ցածր է ամբողջ երկրի ցուցանիշից:

Ինչպես քրդաբնակ Մարդին քաղաքի բժշկական ընկերակցության ղեկավար Վոլքան Բինբասն է ասում, ամենամեծ խոչընդոտը լեզվական արգելքն է, քանի որ այստեղ մարդիկ չեն կարող բժշկական ծառայություններ ստանալ իրենց սեփական լեզվով:

Բինբասի խոսքերով, հիմնականում տարեց մարդիկ միայն շատ սահմանափակ գիտելիքներ ունեն թուրքերենից: Իսկ առողջապահական բոլոր տեղեկությունները միայն թուրքերենով են: ‘’Որոշ հավելվածներ անգամ անգլերեն ծառայություններ են մատուցում, բայց` ոչ քրդերեն’’, ասում է նա:

Քրդերեն լեզվի վրա դրված արգելքը երկար պատմություն ունի Թուրքիայում: Այն քաղաքագլուխները, որոնք քրդաբնակ քաղաքների հասարակական ծառայություններում փորձել էին ներմուծել քրդերեն լեզուն, հեռացվել են աշխատանքից եւ մեղադրվել ահաբեկչությանն աջակցելու մեջ:

Երկրի հարավարեւելքում քրդերեն դասընթացներ սկսելու կոչով ցույցերն էլ վերջերս արժանացան անվտանգության ուժերի կողմից բռնությունների:

Սակայն համավարակը ստիպում է, որ քրդերենը սկսի մտնել շրջանառության մեջ: Խորհրդարանի անդամներից Նեչդեթ Իփեքյուզի խոսքերով, աշխարհի բոլոր հատվածներում էլ բժշկական թեմաներով հրապարակումները լինում են բազմալեզու, հատկապես, երբ խոսքը գնում է համավարակի մասին:

Քրդերի շրջանում եւս մեծ է նրանց թիվը, ովքեր ունեն պատվաստումների դեմ մտավախություն ու վախ: Իսկ պատվաստումների կարեւորությունը բացատրելու համար հարկավոր է խոսել հասկանալի, այսինքն` մայրենի լեզվով:

XS
SM
MD
LG