Մատչելի հղումներ

Աֆղանստանում ամերիկյան ուժերը հեռանում են, թալիբները` մոտենում


Ամերիկյան ուժերը շարունակում են հեռանալ Աֆղանստանից: Բաղրամի օդանավակայանի տարածքից ամերիկացի հազարավոր զինվորականներ հեռացան անցյալ շաբաթ: Այսպիսով ավարտին են հասում Աֆղանսանում ԱՄՆ-ի կողմից 2001 թվականին սկսված ռազմական գործողությունները:

Ելույթ ունենալով հինգշաբթի օրը, ԱՄՆ-ի նախագահն իր այս որոշումն արդարացնելու խոսքեր ասաց: ‘’Անցած 20 տարիների ընթացքում այստեղ մենք մեկ տրիլիոն դոլար ենք ծախսել, կորցրել 2448 զինծառայող, 20722 մարդ այստեղից վերադարձել է վիրավոր ու դեռ շատերի մոտ հետագայում չեն բացառվում հետպատերազմյան տրավմաները: Այնպես որ, ես չեմ պատրաստվում ամերիկացիների մեկ սերունդ եւս ուղարկել Աֆղանստան, երբ չի էլ երեւում այս խնդիրն այլ կերպ լուծելու խելամիտ հնարավորություն’’:

Միացյալ Նահանգները վստահ էր, որ հետքաշումից հետո Աֆղանստանի կառավարությունն ի զորու կլիներ պաշտպանել այն թալիբներից: Սակայն վերջին օրերը ցույց են տալիս, թե ինչ մեծ արագությամբ է Թալիբանը գրավում քաղաքներ ու գյուղեր: Արդեն կանխատեսում են Աֆղանստանի կառավարության տապալում:

Վերլուծաբան Մարկ Ջեքոբսոնի խոսքերով, Աֆղանստանի բանակը թույլ բանակ չէ, սակայն այն չունի Թալիբանին քաղաքացիական պատերազմ սկսելու մտադրությունից հետ պահելու բավարար ուժ:

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը խոստանում է շարունակել օգնել Աֆղանստանի կառավարությանը: ‘’Սակայն այս երկրի ղեկավարությունը պետք է գործի միասնաբար, ասում է նա:

‘’Մենք Աֆղանստան չէինք գնացել երկիր կառուցելու համար: Երկիր կառուցելու գործը այդ երկրի ժողովրդի պարտքն է’’, հայտարարեց Բայդենը:

Եվ այս պահին հազարավոր աֆղանստանցիներ են փորձում փախուստի դիմել երկրից: Աֆղանստանցի այն հազարավոր անձինք, ովքեր պատերազմի տարիներին օգնել են ամերիկյան ուժերին, եւ սպասում են ամերիկյան վիզա ստանալու որոշմանը, այժմ դեռեւս սպասողական վիճակում են: Չնայած Ջո Բայդենը նախկինում խոստացել էր թույլ տալ նրանց բնակություն հաստատել ԱՄՆ-ում, մուտքի արտոնագրեր հատկացնելու գործընթացը շատ դանդաղ բնույթ է ստացել:

Եվ այժմ խոսք է գնում նրանց երրորդ մի երկրում վերաբնակեցնելու մասին:

XS
SM
MD
LG