ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարեց, որ հավատարիմ է մնում Աֆղանստանում պատերազմն ավարտելու մասին իր կողմից տրված խոստումին:
Այս պահին, երբ ամերիկյան ուժերի դուրսբերումից հետո Աֆղանստանում Թալիբանն օրեցօր գրավում է հավելյալ տարածքներ, ԱՄՆ-ի նախագահը հայտարարում է, որ երկիրը պաշտպանլու գործն այժմ պիտի կատարի Աֆղանստանի ժողովուրդը: ‘’Երկու տասնամյակ պատերազմի մեջ գտնվելուց հետո Միացյալ Նահանգներն ավելին չի կարող այլեւս անել’’, ասաց Բայդենն ու ավելացրեց, ‘’Ես ամերիկացիների մեկ այլ սերունդ չեմ ուղարկի Աֆղանստանում պատերազմելու’’: Այս հայտարարությամբ ԱՄՆ-ի նախագահը հանդես եկավ հինգշաբթի օրը, երբ ազգային անվտանգության հարցերով նրա օգնականները տեղեկացնում են տեղում իրադրության աստիճանաբար վատթարացող փաստի մասին:
‘’Ներկա պահի անվտանգության իրադրությունն ասում է այն մասին, որ եւս մեկ տարի պատերազմն Աֆղանստանում խնդրի լուծում չի կարող լինել: Այն պարզապես կարող է լինել այնտեղ հավերժ մնալու դեղատոմս’’, հայտարարեց Բայդենը, ում խոսքերով, Աֆղանստանում ամերիկյան զորքերի առաքելությունն ավարտվելու է օգոստոսի 31-ին, այսինքն նախապես հայտարարված օրից երկու շաբաթ ավելի վաղ:
‘’Մենք Աֆղանստան էինք մուտք գործել, սեպտեմբերյան ահաբեկչական հարձակումներից հետո կանխելու համար ընդդեմ ԱՄՆ-ի այլ հարձակումներ: Մենք այդ առումով հասանք մեր նպատակին: Ինչ վերաբերում է պետություն կառուցելու գործին, ապա այն Աֆղանստանի ժողովրդի պարտականությունն է ու պարտքը’’, հայտարարեց ԱՄՆ-ի նախագահը:
Ինչ վերաբերում է աֆղանստանցի այն հազարավոր անձանց, ովքեր պատերազմի տարիներին օգնել են ամերիկյան ուժերին, եւ այժմ սպասում են ամերիկյան վիզա ստանալու որոշմանը, այժմ դեռեւս սպասողական վիճակում են: Չնայած Ջո Բայդենը նախկինում խոստացել էր թույլ տալ նրանց բնակություն հաստատել ԱՄՆ-ում, մուտքի արտոնագրեր հատկացնելու գործընթացը շատ դանդաղ բնույթ է ստացել:
Եվ այժմ խոսք է գնում նրանց երրորդ մի երկրում վերաբնակեցնելու մասին:
ԱՄՆ-ի հետախուզական գործակալությունները, բանակային ուժերի հրամանատարները եւ Կոնգրեսի անդամները նախազգուշացնում են, որ Աֆղանստանի կառավարությունը չի կարողանալու կասեցնել Թալիբանի առաջխաղացումն առանց ամերիկյան ռազմական ուժի:
Թալիբանի ուժերն այս օրերին մեծ արագությամբ շարժվում են առաջ, եւ արդեն իսկ գրավել են երկրի հյուսիսային հատվածներում լայնածավալ տարածքներ:
Մեծաթիվ փորձագետներ են ասում, որ Աֆղանստանին սպառնում է քաղաքացիական պատերազմը: