Մատչելի հղումներ

Հաքերային հարձակումների դեմ գործողությունները կորոշեն ԱՄՆ-ի նախագահի վճռականությունը


Ամերիկյան ընկերությունների դեմ ուղղված նոր կիբերհարձակումները փորձարկում են ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենին:

Նա այժմ պիտի փորձի հավասարակշռություն պահպանել կիբերհարձակումների դեմ կարծր քաղաքականություն վարելու եւ Ռուսաստանի հետ հարաբերությունները կայունացնելու իր տված խոստումների միջեւ:

Սպիտակ տունը հայտարարում է, որ հաքերային վերջին հարձակումների արդյունքում աշխարհում մոտ 1500 բիզնես է կրել վնասներ: Այն տեղի է ունեցել Բայդենի եւ Ռուսաստանի նրա պաշտոնակից Պուտինի միջեւ վերջին հանդիպումից օրեր անց, որի ժամանակ Բայդենն ասել էր, թե ԱՄՆ-ը այլեւս չի հանդուրժելու հաքերային նման հարձակումները:

Սակայն Բայդենն այժմ դժվար կացության մեջ է հայտնվել այն առումով, որ նրա վարչակազմը գիտակցում է միջուկային երկու գերտերությունների միջեւ հարաբերությունների լարվածության հետ կապված վտանգները: Եվ այժմ Բայդենը հստակ պատասխան չի տալիս այն հարցին, թե ինչ ուղերձ ունի հայտնելու Պուտինին: ‘’Ես այս հարցը վեր եմ հանելու նրա հետ խոսակցության ժամանակ’’, պարզապես ասել է ԱՄՆ-ի նախագահը:

Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսաքին երեքշաբթի օրն ասել էր, թե ռուս եւ ամերիկացի պաշտոնատար անձինք հաջորդ շաբաթ հանդիպելու են քննարկելու այս հարցը: Իսկ այն հարցին, թե ինչ քայլերի է դիմելու Բայդենը, նա ասել է, թե ‘’նախագահն ունի մի շարք տարբերակներ, եթե որոշի դիմել գործողությունների’’:

XS
SM
MD
LG