ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջիմի Քարթերն ու նրա կինը` Ռոսալին Քարթերը նշում են իրենց ամուսնության 75-րդ տարեդարձը: Նախկին նախագահն ասում է, որ երբ 21 տարեկանում ամուսնանում էր 18 տարեկան Ռոսալինի հետ, չէր կարող պատկերացնել, որ միասին կնշեին նման տարեդարձ: ‘’Երբ Ռոսալինին ասացի ամուսնացիր ինձ հետ, նա ասաց ոչ’’, պատմում է Ջիմի Քարթերը ու հիշում, որ իր համառությունն է դարձել այս երկարատեւ ամուսնական կյանքի սկիզբը դնելու հիմքը: Իսկ երկարատեւ ու միասնական այս երկար կյանքի հիմքը միմյանց ազատություն շնորհելու հանգամանքն է: ‘’Մենք միշտ էլ միմյանց տվել ենք մեր հետաքրքրությունների սահմաններում գործելու հնարավորություն’’, ասում է նա ու ավելացնում, որ կարեւոր է եղել նաեւ նույն հետաքրքրություններն ունենալու փաստը, ինչպես օրինակ 62 տարեկան հասակում դահուկով սահելու կիրքը: ‘’Իսկ երբ ինչ որ բանի շուրջ վիճում ենք, անպայման հաշտվում ենք մինչեւ այդ օրը քնելը’’, ասում է նա:
Այս ընտանիքի կյանքի մասին գրքի հեղինակ Ջոնաթան Ալթերն ասում է, որ առանց Ռոսալինի օգնության Ջիմի Քարթերը 1976 թվականին գուցեեւ նախագահ չդառնար:
‘’Մեր ընտանեկան հաջողության գաղտնիքը միմյանց հարգելու հանգամանքով է պայմանավորված’’, ասում է նախկին առաջին տիկինը:
1981 թվականին Սպիտակ տնից հեռանալուց հետո Քարթերները իրենց անունը կրող կենտրոնի միջոցով պայքար են ծավալեն ընդդեմ հիվանդությունների եւ հանուն ժողովրդավարության տարածման: Բայց վերջին ժամանակներում այս զույգն ունեցավ առողջական խնդիրներ: Սակայն Ջորջիա նահանգի Փլեյնս քաղաքի իրենց տանը նրանք իրենց ամուսնության 75-ամյակը նշում են ոչ թե միայնակ, այլ հարյուրավոր բարեկամների, ազգականների ու ընկերների մասնակցությամբ: Քաղաք, որտեղ նրանք անցկացրել են իրենց կյանքի հիմնական մասը եւ կտակել, որ միասին պիտի հանգչեն այս քաղաքում, իրենց սիրած լճակի ափին: