Մատչելի հղումներ

Պատվաստանյութերի առաքումները դեպի այլ երկրներ գրանցում է դանդաղ ընթացք


Սպիտակ տունը հայտարարում է, որ այս շաբաթվա ընթացքում Գվատեմալան եւ Վիետնամը ԱՄՆ-ից կստանան կորոնավիրուսի դեմ ‘’Մոդերնա’’ ընկերության արտադրած պատվաստանյութի համապատասխանաբար մեկ եւ կես եւ երկու միլիոն չափաբաժիններ:

Ու քանի որ քովիդն այս օրերին արագ տարածվում է նաեւ Ինդոնեզիայում, Բայդենի վարչակազմը խոստացել է նաեւ չորս միլիոն չափաբաժին այս երկրի համար:

Միացյալ Նահանգները խոստացել էր աշխարհի տարբեր երկրների հատկացնել 580 միլիոն չափաբաժին: Սակայն չի հաջողվել իրականացնել մինչեւ հունիս ամսվա վերջ ութսուն միլիոն չափաբաժին ուղարկելու խոստումը:

Ինչպես Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսաքին է ասում, երբեմն դժվարություններ են հարուցվում իրավական արգելքների միջոցով: ‘’Հարկավոր է լինում հաղթահարել կանոնների եւ տարբեր երկրների կողմից հարուցվող խոչընդոտները’’, ասում է նա ու ավելացնում, որ պատվաստանյութի կարիք ունեցող երկրները ոչ միշտ է, որ պատրաստ են լինում ընդունել առաքումները:

Մյուս խնդիրն այն է, որ ԱՄՆ-ի պահեստներում կուտակված են ‘’Փֆայզեր’’ եւ ‘’Մոդերնա’’ ընկերությունների պատվաստանյութերը, որոնց պահպանման համար անհրաժեշտ են գերսառը պայմաններ, ինչը շատ երկրներ ապահովել չեն կարողանում: Սա նույնպես դառնում է առաքումների ընթացքը դանդաղեցնելու պատճառ, ասում են այս գործին լծված պատասխանատու անձինք:

Կա եւս մեկ խնդիր: Դա այն է, որ չափաբաժինների մեծ մասը հասնում է առաջին հերթին հարուստ երկրներին: Ինչպես նախագահ Ջո Բայդենն է ասել. ‘’Այս շաբաթավերջին Ամերիկայում լիովին պատվաստված կլինի 160 միլիոն մարդ’’:

Սակայն այստեղից առաքել է մինչեւ հունիսի վերջը խոստացված ութսուն միլիոն չափաբաժնի միայն կեսը:

XS
SM
MD
LG