Մատչելի հղումներ

Աֆղանստանից ամերիկյան ուժերի դուրսբերումից հետո, Թալիբանի վերադարձից առաջ


Քաբուլից 70 կմ հեռավորության վրա գտնվող Բագրամի ռազմական օդանավակայանը, որտեղից անցյալ շաբաթ դուրս եկան ԱՄՆ-ի ու դաշնակից ուժերի զորքերը, այժմ գտնվում է այս երկրի Ազգային անվտանգության ուժերի վերահսկողության ներքո: Սակայն մինչեւ 2001 թվականը երկիրը կառավարած Թալիբանի զինված ուժերը ներկա պահին շարունակում են ամրապնդել իրենց դիրքերը: Ինչպես ամերիկյան ուժերի հրամանատար, գեներալ Օսթին Միլլերն է ասում, Աֆղանստանում մարդիկ լավ են հասկանում, որ դրությունը ծանր է, եւ որ Թալիբանը մոտենում է:

Չնայած ԱՄՆ-ի հանրապետական նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Թալիբանի հետ կնքել էր խաղաղության գործարք, սակայն հանրապետական կոնգրեսականներն այսօր դեմոկրատ նախագահ Ջո Բայդենին մեղադրում են զորքերի դուրսբերման համար սխալ ժամանակ ընտրելու մեջ: Վարչակազմի ներկայացուցիչներն ասում են, որ ԱՄՆ-ը շարունակելու է տնտեսական ու անվտանգային հարցերով օգնությունն այստեղ:

Աֆղանստանում մարդիկ ասում են, թե թալիբները մնացել են նույն թալիբները: Սակայն վերլուծաբաններից շատերը, այդ թվում Գեյլ Լեմոնը, ասում են, թե ‘’թալիբները լավ են հասկանում, որ հետ են վերադառնում ոչ թե այն երկիրը, որից հեռացել էին 2001 թվականին, այլ մի մեկ այլ Աֆղանստան’’: Նրա խոսքերով, թալիբներն ունեն տեխնիկական միջոցներ, սակայն չունեն տեխնոկրատներ, ճարտարագետներ, բժիշկներ, որպեսզի կարողանային կառավարել երկիրը:

Հակառակ այն լուրերին, որ ԱՄՆ-ը պատրաստվում է արտակարգ պայմաններում տարհանել դիվանագիտական իր անձնակազմին, Բայդենի վարչակազմը հայտարարել է, որ Քաբուլում իր դեսպանատունը կշարունակի մնալ բաց, եւ որ ամերիկյան որոշ թվով ուժեր կմնան այստեղ պաշտպանելու համար դիվանագիտական առաքելությունը:

Թալիբները հայտարարում են, որ գործարքում նման կետ չի եղել, եւ որ պայմանագիրը խախտելու դեպքում ամերիկյան զինվորականներն այստեղ կհամարվեն թշնամական ուժեր ու կարժանանան ‘’համապատասխան վերաբերմունքի’’:

XS
SM
MD
LG