Մատչելի հղումներ

Բլինքեն. Եթե Ռուսաստանը շարունակի հարձակվել մեզ վրա, ապա մենք կպատասխանենք


Պետքարտուղարն այս մասին ասել է իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում

Միացյալ Նահանգները հույս ունի Ռուսաստանի հետ հաստատել ավելի կայուն և արդյունավետ հարաբերություններ, բայց եթե Մոսկվան շարունակի «հարձակվել», ապա Վաշինգտոնը կպատասխանի այդ հարձակումներին, երեքշաբթի օրը իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում ասել է պետքարտուղար Բլինքենը:

«Եթե Ռուսաստանը շարունակի հարձակվել մեզ վրա կամ գործի այնպես, ինչպես վարվեց (ընկերության) SolarWind– ի վրա հարձակման դեպքում, (եթե այն շարունակի) միջամտել մեր ընտրություններին և ագրեսիվ վարքագիծ դրսևորի Նավալնիի նկատմամբ, ապա մենք կպատասխանենք», - ասաց Բլինքենը:

Այս ամսվա սկզբին, Ժնևում կայացած գագաթնաժողովի ժամանակ, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ասաց, որ ենթակառուցվածքների կարևոր օբյեկտների ուղղությամբ կիբերհարձակումները պետք է ամբողջությամբ բացառվեն:

Չինաստանի խնդրի վերաբերյալ Բլինքենն ընդգծել է խնդրի հետ կապված բարդությունները՝ հավելելով, որ ԱՄՆ-ը հարգում է այն փաստը, որ տարբեր երկրներ տարբեր հարաբերություններ ունեն Պեկինի հետ: Պետքարտուղարի խոսքով ՝ ԱՄՆ-ը ոչ մեկին չի առաջարկում ընտրություն կատարել իր ու Չինաստանի միջև:

«Այնուամենայնիվ, անկախ նրանից, թե ինչպես ենք մենք համագործակցում Չինաստանի հետ ՝ որպես հակառակորդ, որպես մրցակից կամ որպես գործընկեր, մեր գործողություններն ավելի արդյունավետ կլինեն, եթե գործենք համերաշխ», - ասել է Բլինքենը:

Նա նաև նշեց, որ Իտալիան զգալի ջանքեր է գործադրել օրենսդրությունն առաջ տանելու համար` իր հինգերորդ սերնդի բջջային կապի (G5) համակարգը «անվստահելի առևտրային գործընկերներից» պաշտպանելու համար և նշեց, որ անհրաժեշտ է շարունակել հետևել ներդրումների աղբյուրներին արտերկրից:

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգները պնդում է, որ Իտալիան և եվրոպական այլ դաշնակիցները չպետք է օգտագործեն Huawei ընկերության մատակարարած սարքավորումները, քանի որ դա վտանգ է ներկայացնում ազգային անվտանգությանը:

Facebook Forum

XS
SM
MD
LG