Մատչելի հղումներ

ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել թիրախներին Իրաքում և Սիրիայում


Հարվածները պատասխան էին Իրաքում ամերիկյան թիրախների դեմ հրթիռային հարվածներին

ԱՄՆ-ը կիրակի օրը ավիահարվածներ հասցրեց իրանամետ զինված խմբավորումների թիրախներին Իրաքում և Սիրիայում:

Ինչպես հայտնում է ամերիկյան հրամանատարությունը, հարվածները հասցվել են զենքի պահեստներին և դիրքերին: ԱՄՆ զինված ուժերը տվյալներ չունեն հարվածների արդյունքում զոհերի կամ վիրավորների մասին: Խմբավորումներից մեկը հաղորդել է չորս անդամների մահվան մասին:

Հարվածներն իրականացվել են ի պատասխան Իրաքում ԱՄՆ-ի օբյեկտների դեմ հրթիռային հարվածների:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր երդմնակալությունից հետո երկրորդ անգամ է հրամայում հարվածել Իրաքի և Սիրիայի թիրախներին:

Ինչպես նշում է Reuters- ը, ԱՄՆ-ը ներկայումս բանակցում է Իրանի հետ «միջուկային համաձայնագրի» հնարավոր վերականգման շուրջ, բայց միևնույն ժամանակ, Թեհրանին հասկացնում է, որ իր հետ կապված զինված խմբավորումները չպետք է քայլեր ձեռնարկեն ընդդեմ Իրաքում և Սիրիայումգտնվող ամերիկացի զինվորականների, որոնք այնտեղ են գտնվում ահաբեկչության դեմ պայքարի առաքելության շրջանակներում:

Այս առիթով ԱՄՆ սենատոր, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը հայտարարեց, որ Միացյալ Նահանգները միշտ պետք է վճռական գործողություններ ձեռնարկի՝ ամերիկյան զինվորականներին ու իր շահերը պաշտպանելու համար: Նա նշեց, որ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը նախատեսում է վարչակազմից ավելին լսել այս հարվածների մասին և ծավալել ավելի լայն քննարկում այս կապակցությամբ:

Սենատորը շեշտեց, որ վերջին մեկ տարվա ընթացքում Իրանի կողմից աջակցվող զինված խմբավորումներն ավելի շատ հարձակում են գործել ԱՄՆ-ի քաղաքացիների եւ ամերիկյան շահերի ուղղությամբ, ներառյալ՝ այս տարվա սկզբին ամերիկացիների և կոալիցիայի ուժերի դեմ մահաբեր հարձակումներն ինչպես նաեւ վերջերս Էրբիլում ԱՄՆ հյուպատոսության նոր տարածքի մոտակայքում գրանցված հարվածները: Մենենդեսը հորդորում է ԱՄՆ վարչակազմին Իրանի նկատմամբ կիրառել համապարփակ ռազմավարություն, որը վերաբերում է Թեհրանի վտանգավոր վարքագծի բոլոր դրսևորումներին, ներառյալԻրաքում ԱՄՆ-ի դեմ շարունակական հարձակումները և Իրաքի կառավարության նկատմամբ ապակայունացնող վարքագիծը:

Facebook Forum

XS
SM
MD
LG