ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ժամանել է Ֆրանսիա, ուր նախատեսված է նրա հանդիպումը երկրի ղեկավար կազմի հետ: Այցին նախորդել էր նախագահ Ջո Բայդենի եվրոպական տարածաշրջանային դաշնակիցների հետ վերջին հանդիպումները՝ տրանսատլանտյան հարաբերությունները զարգացնելու նպատակով:
ԱՄՆ պետքարուտղարությունը հայտնել է, որ այցի ընթացքում պետքարտուղար Բլինքենը կընդգծի միջատլանտյան համագործակցության պահպանման կարևորությունը, կքննարկի առողջապահական և կլիմայական ճգնաժամերին հակազդելու համատեղ ջանքերը, ինչպես նաև կշեշտի երկու երկրների միջև երկարատև երկկողմ ամուր գործընկերության փաստը:
Այցի ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը ընդգծեց իր երկրի գործընկերությունը Ֆրանսիայի հետ ուրբաթ օրը հունիսի 25-ին Փարիզում Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանի հետ հանդիպման ժամանակ: Բլինքենը նշել է, որ «մենք շատ ավելի ուժեղ և արդյունավետ ենք, երբ աշխատում ենք միասին» ՝այսօրվա մարտահրավերներին դիմակայելու համար:
Լե Դրիանն իր հերթին ասել է, որ Փարիզը պետքարտուղար Բլինքենի համար հանդիսանում է երկրորդ տուն, ուր պետքարտուղարն անցկացրել է իր միջնակարգ և ավագ դպրոցական տարիները: Դրա արդյուքում Բլինքենն ազատ տիրապետում է ֆրանսերենի: «Բարի գալուստ տուն». այսպես Բլիքենին դիմեց իր ֆրանսիացի գործընկերը համատեղ մամուլի ասուլիսի սկզբում, որում շոշափվեցին Իրանի միջուկային համաձայնագրի, Աֆղանստանի անվտանգության և Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին հարցեր:
ԱՄՆ պետքարտուղարը, խոսելով ազատ ֆրանսերեն, Ֆրանսիան անվանեց իր ՛՛երկրորդ հայրենիք՛՛ և ողջունեց ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջև բարեկամական համագործակցությունը: Բլինքենն ընդգծեց, որ Ֆրանսիան և ԱՄՆ կիսում են ընդհանուր արժեքներ, մասնավորապես ազատության և ազատ խոսքի հարցերում՝ շեշտելով, որ երկու մշակույթները «խորապես միահյուսված են»:
Ասուլիսի ընթացքում Բլինքենն ասել էր նաև, որ Իրանի միջուկային համաձայնագրի վերականգման հարցում շարունակում են առկա լինել լուրջ տարաձայնություններ: Պետքարտուղարը լուրջ մտահոգություն է հայտնել ՄԱԿ-ի միջուկային կառույցի և Իրանի միջև վերջինիս միջուկային դիտորդական առաքելության շուրջ համաձայնության բացակայության վերաբերյալ: Այս մտահոգությունը, ըստ նրա, փոխանցվել է Թեհրանին: ԱՄՆ պետքարտուղարը նախազգուշացրել է, որ Իրանի միջուկային գործունեությանը դիտարկման շուրջ ժամանակավոր համաձայնության բացակայությունը կարող է դրդել ԱՄՆ-ին հրաժարվել միջուկային համաձայնագրին միանալու ջանքերից:
Ուրբաթ օրվա երկրորդ կեսին Ելիսեյան պալատում ԱՄՆ պետքարտուղար Բլինքենին ընդունել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մաքրոնը: Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերությունների ու միջազգային օրակարգի հետ կապված մի շարք հարցեր:
Facebook Forum