Մատչելի հղումներ

Երիտասարդ ամերիկացիներն ավելի քիչ են պատվաստվում


ԱՄՆ-ը չի իրականացնի նախագահ Բայդենի` մինչև հուլիսի 4-ը հասուն տարիքի բնակչության 70% -ին պատվաստելու ծրագիրը, հայտարարել է Սպիտակ տունը: Այժմ լուրջ ջանքեր են գործադրվում պատվաստման հարցում թերահավատ ամերիկացիներին ավելի լավ տեղեկացնելու ուղղությամբ

ԱՄՆ-ում արձանագրվում է COVID-19 դեպքերի նվազում: Այսօր հիվանդների թիվը գտնվում է ամենացածր մակարդակի վրա 2020 թվականի մարտից ի վեր: Այս հուսադրող թվերին զուգահեռ, սակայն, Սպիտակ տունը հայտարարում է, որ չի հասցնի մինչև հուլիսի սկիզբը պատվաստել բոլոր չափահաս ամերիկացիների 70%. սա նախագահ Բայդենի նպատակն էր: Խնդիրներից մեկը՝ երիտասարդ տարիքի ամերիկացիներն են:

«Պետությունը պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնի, մասնավորապես 18-26 տարեկան երիտասարդներին: Իրականությունն այն է, որ շատ երիտասարդ ամերիկացիներ գտնում են, որ COVID-19-ը չի կարող իրենց վրա ազդեցություն ունենալ, և նրանք ավելի քիչ են ցանկանում ստանալ պատվաստում»,- ասում է Սպիտակ տան COVID-19-ի խնդրի համակարգող Ջեֆ Զիենցը:

Սպիտակ տունը երեքշաբթի օրը հայտարարել է, որ 30 տարեկանից բարձր ամերիկացիների 70% -ը մասամբ կամ ամբողջությամբ պատվաստվել է: Եվ չնայած հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնում ասում են, որ վերջին շաբաթների ընթացքում գունավոր համայնքներում պատվաստումների մակարդակն աճել է, ԱՄՆ օրենսդիրները գտնում են, որ այս ուղղությամբ ավելի շատ աշխատանք պետք է տարվի:

«Մենք չենք հասնի մեր նպատակին շատ նահանգներում և համայնքներում, եթե չշարունակենք անդրադառնալ թերահավատությանը, ապատեղեկատվությանը և այլ հարցերին, որոնք խանգարում են ամերիկացիներին պատվաստվել: Մենք պետք է շարունակենք ընդլայնել մատչելիությունը և վերացնել այն խոչընդոտները, որոնք մարդկանց համար դժվարացնում են պատվաստում ստանալը, հատկապես գունավոր համայնքներում»,- ասում է դեմոկրատ սենատոր Փեթի Մուրեյը:

Բացի այդ, ավետարանական եկեղեցուն պատկանող քրիստոնյա ամերիկացիների գրեթե կեսը հրաժարվում է պատվաստվելուց: Սակայն, նույնիսկ եթե չափահաս ամերիկացիների 20-30% -ը չպատվաստվի, ԱՄՆ պաշտոնյաները լավատես են, որ այս ձմռանը ԱՄՆ-ում կորոնավիրուսի չորրորդ ալիք չի գրանցվի:

«Չեմ կարծում, որ նույնիսկ այդ պայմաններում դուք կտեսնեք օրական 1000 մահվան դեպքեր: Սակայն, եթե պատվաստման հարցում պահպանվի թերահավատությունը, ապա հնարավոր է տեսնենք տեղայնացված բնույթի ալիքներ»,- ասում է Ալերգիկ և ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչին:

Մինչ ԱՄՆ-ը ձգտում է արագացնել պատվաստումների տեմպերը, այս շաբաթվա սկզբին Սպիտակ տունը հայտնեց, որ հունիսի վերջին 80 միլիոնպատվաստանյութերի չափաբաժին տրամադրելու իր նպատակը հանդիպում է որոշակի տեխնիկական խնդիրների:

Facebook Forum

XS
SM
MD
LG