Մատչելի հղումներ

Իրանի միջուկային գործարքը` նախագահական ընտրություններից հետո


Կարծրդիրքային Էբրահիմ Ռաիսին Իրանի նախագահի պաշտոնում ընտրվեց մի քանի օր անց այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարեց, որ Ռուսաստանի իր պաշտոնակցի հետ քննարկել է Իրանին առնչվող հարցեր: ‘’Մեր երկուսի շահերից է բխում, որ Իրանը չունենա միջուկային զենք’’, հայտարարել էր Բայդենը:

Հիշեցնենք, որ ապրիլ ամսին Իրանի հետ սկսվեցին միջուկային հարցերով բանակցությունները, վերակենդանացնելու համար 2015 թվականի գործարքը, ըստ որի սահմանափակումներ էին դրվում Իրանի միջուկային գործուներության վրա: Դրա փոխարեն միջազգային համայնքը պարտավորվում էր մեղմել այս երկրի դեմ գործող պատժամիջոցները: Հիշեցնենք, որ Իրանը հրաժարվեց իր այդ պարտավորություններից, երբ նախագահ Թրամփի օրոք ԱՄՆ-ը միակողմանիորեն դուրս բերվեց գործարքից ու Վաշինգտոնը սկսեց պատժամիջոցներ ընդդեմ Թեհրանի:

Այժմ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում անցկացվող անուղղակի բանակցություններին մասնակցում են ԱՄՆ-ը եւ նախկին գործարքը կնքած մյուս հինգ պետությունները: Իրանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ համաձայնություն հնարավոր է ձեռք բերել մինչեւ երկրի նախագահի պաշտոնում ընտրված Ռաիսին կստանձնի նախագահի պարտականությունները:

Սպիտակ տան անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սուլիվանն էլ գտնում է, որ չնայած որոշ տարաձայնությունների, ճիշտ ուղղություն է որդեգրվել:

Բանակցողները կիրակի օրը հետաձգեցին բանակցությունների վերջին փուլը` իրենց կառավարությունների հետ խորհրդակցնելու նպատակով: Բանակցությունները վերսկսելու ժամկետ նրանք դեռեւս չեն հրապարակել:

Իրանը պնդում է, որ միջուկային իր ծրագիրն ունի զուտ խաղաղ նպատակներ:

XS
SM
MD
LG