Մատչելի հղումներ

Համաշխարհային մարդասիրական նոր ճգնաժամ. Փախստականների հիմնախնդիր


Սիրիացի փախստականներ
Սիրիացի փախստականներ

Հունիսի 20-ը աշխարհում նշվում է որպես Փախստականների միջազգային օր՝ այս հարցի նկատմամբ իրազեկությունը մեծացնելու նպատակով: Չնայած դրան` աշխարհը վերապրում է այս առումով հերթական մարդասիրական ճգնաժամը

Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանից փախստական Ժիրայր Ասրյանը իր հարազատների օգնությամբ նոր տան հիմքեր է գցում Հայաստանի Արարատի մարզում: Ժիրայրը վստահ չէ, որ կկարողանա ավարտել տան շինարարությունը, սակայն պատրաստ է ամեն վայրկյան անգամ միայն ծածկ ունենալու պարագայում տեղափոխվել իր հայրենի գյուղ:

«Ասել եմ՝ որ րոպեին մեր գյուղը տան Հադրութ, անգամ, եթե այստեղ մեկ օրվա գործ մնացած լինի, միևնույն է՝ գնալու եմ մեր գյուղ»,- ասում է Ժիրայրը:

Ասրյանների ընտանիքը տեղահանվել է Հադրութից Լեռնային Ղարաբաղի անցած տարվա պատերազմի հետևանքով՝ համալրելով այս հակամարտության արդյունքում տեղահանվածների ու փախստականների շարքերը: Վերջին 30 տարիների ընթացքում մոտ մեկ ու կես միլիոն մարդ հակամարտող երկու կողմերից Լեռնային Ղարաբաղի ռազմական գործողությունների պատճառով տեղահանվել է կամ դարձել փախստական:

Այս խնդիրն այսօր համաշխարհային մարդասիրական օրակարգի կարեւոր մասն է: Տարածաշրջանային անկայունությունն ու ռազմական գործողությունները, բռնաճնշումները, սոցիալական ծայրաստիճան ծանր դրությունն ու մարդու իրավունքների խախտումները հանգեցրել են մարդասիրական նոր ճգնաժամի. Սիրիայում հակամարտության արդյունքում գրանցվել է շուրջ 6.6 միլիոն փախստական ու տեղահանված: Եմենում ավելի քան 2 միլիոն մարդ այսօր գտնվում է անելանելի վիճակում` զրկված օթևանից ու տարրական պայմաններից: Ավելի քան 700 հազար ռոհինգյացիներ, որոնց զգալի թիվը կազմում են երեխաներ, կանայք և ծերեր, տեղահանվել են Բանգլադեշ` խուսափելով բռնություններից Մյանմարում: Ուկրաինայի արեւելքում բռնկված հակամարտության պատճառով արձանագրվել է տարածաշրջանում փախստականների մեծ հոսք: Շուրջ 1.6 միլիոն ուկրաինացի շարունակում է մնալ տեղահանված: 2014 թվականից ի վեր Դոնբասի պատերազմի արդյունքում 300 հազար մարդ ապաստան է փնտրում հարևան երկրներում: Բազմաթիվ այլ տարածաշրջաններ և երկրներ ևս վերապրում են մարդասիրական ճգնաժամ փախստականների խնդրի պատճառով:

Ըստ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալության տվյալների՝ այսօր աշխարհում մոտ 80 միլիոն մարդ տեղահանվել է իր բնակավայրից հետապնդումների, ռազմական գործողությունների, բռնությունների կամ մարդու իրավունքների ոտնահարումների հետևանքով: Այս թիվը կտրուկ աճել է վերջին տաս տարիների ընթացքում: Նրանցից շուրջ 26 միլիոնը պաշտոնապես գրանցված փախստականներ են, որոնց մոտ կեսը 18 տարեկանից ցածր:

Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնի խոսքերով, այսօր փախստականների հիմնախնդիրն աշխարհում «չափազանց տագնապալի» է. փախստականների համաշխարհային ճգնաժամը խորանում է, իսկ խնդիրը պատշաճ կերպով չի կարգավորվում արդեն շատ տարիներ, նշում է նախկին նախագահը, ով այսօր ղեկավարում է Նելսոն Մանդելայի հիմնադրած The Elders միջազգային մարդասիրական կազմակերպությունը:

Այս մտահոգությունը Ռոբինսը հնչեցրել է օրերս հունիսի 20-ի Փախստականների միջազգային օրվան նվիրված միջոցառման ընթացքում: 2000 թվականի դեկտեմբերի 4-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան այս օրը հռչակեց Փախստականների միջազգային օր (World Refugee Day)՝ աշխարհում փախստականների մասին իրազեկվածության բարձրացման նպատակով։

Facebook Forum

XS
SM
MD
LG