Իրանում ուրբաթ օրը ընտրում են նոր նախագահ: Մի երկիր, որի տնտեսությունը, հիմնականում ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմից սկսված պատժամիջոցների արդյունքում, շարունակում է կրել լուրջ վնասներ:
Ինչպես վերլուծաբան Սանամ Վաքիլն է ասում, այս պատժամիջոցները մեծապես են վնասում սովորական իրանցիներին, որոնք այսօր տառապում են գների աճից ու դրամի արժեզրկումից:
Այս պայմաններում են Իրանում ընտրելու նոր նախագահ, որի համար պայքարում են չորս թեկնածուներ: Ի դեպ, նրանց բոլորի թեկնածությունը հաստատվել է Իրանի վարչակարգի Պահապանների խորհրդի կողմից: Չորսից երեքը կարծր պահպանողականներ են: Միայն մեկն է բարեփոխական:
Իրանը վերջերս կանգնեց մի շարք խնդիրների ու մարտահրավերների առջեւ, որոնք փոխել են ընտրողների վերաբերմունքը: Հիշենք ԱՄՆ-ի կողմից Իրանի գեներալ Ղասիմ Սոլեյմանիի սպանությունը: Դրանից մի քանի օր անց էր, որ Իրանի ուժերը սխալմամբ կործանեցին ուկրաինական մարդատար մի օդանավ:
Վաքիլը հիշեցնում է նավթի աճող գների պատճառով այստեղ սկսված բողոքի ցույցերի մասին, որոնք ենթարկվեցին բռնի ճնշումների: ‘’Այնպես որ, սովորական քաղաքացիներից շատերն այսօր չունեն ընտրություններին մասնակցելու ցանկություն’’, ասում է նա:
Ամենահավանական հաղթողն այսօր համարվում է վաթսունամյա Էբրահիմ Ռաիզին: Վերջինս Իրանի արդարադատության ղեկավարն է: Այդ առումով, մարդու իրավունքները ոտնահարելու գործում նրա մասնակցության հանգամանքը կարող է խնդիրներ հարուցել Արեւմուտքի հետ հարաբերություններում:
Իրանը զարկ է տվել ուրանի հարստացման աշխատանքներին եւ միջուկային զենք արտադրելու համար նրան մնացել է մի քանի ամիս ժամանակ: Այդ պատճառով Բայդենի վարչակազմը շտապում է Թեհրանի հետ վերականգնել 2015 թվականի միջուկային միջազգային պայմանագիրը, որի պայմաններից մեկը ուրանի հարստացման աշխատանքները կրճատելն էր Իրանում:
‘’Եվ Իրանում մարդիկ այսօր ավելի են շահագրգռված գործարքին վերադառնալով, քան Արեւմուտքին շարունակ հակադրվելով: Նրանք գիտակցում են, որ ուրանի հարստացման աշխատանքները դադարեցնելու արդյունքում բնակչությունը կշահի մեծապես’’, ասում են վերլուծաբանները:
Այնպես որ, Իրանի նախագահական բոլոր թեկնածուներն էլ, դա գիտակցելով, կողմ են միջուկային գործարքը վերակենդանացնելուն:
Ինչ վերաբերում է երկրի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին, ապա ութսունն անց հոգեւոր առաջնորդն իշխանությունն իր հաջորդին է փոխանցելու եկող մի քանի տարիների ընթացքում, ինչը մեկ այլ բարդություն ու խնդիր է դառնալու Իրանի հաջորդ նախագահի համար: