Մատչելի հղումներ

Բայդեն-Պուտին հանդիպումից հետո


Ինչպես հաղորդեցին Վաշինգտոնն ու Մոսկվան, ԱՄՆ-ի ու Ռուսաստանի նախագահների միջեւ Ժնեւում անցկացված գագաթաժողովն ավարտվել է դրական գնահատականներով:

‘’Ամբողջ հանդիպման երանգը լավն էր ու դրական’’, ասել է Ջո Բայդենը: Պուտինի գնահատմամբ, ‘’Զրույցը բացարձակապես կառուցողական էր’’:

Կողմերը համաձայնվել են սկսել բանակցություններ ռազմավարական կայունության եւ կիբեռանվտանգության շուրջ: Ինչպես վերլուծաբան Սայրըս Նյուլինն է ասում, ‘’Փաստը, որ կողմերը փոխադարձ մեղադրանքներից ու դիվանագիտական հարաբերությունները նեղացնելու քայլերից հրաժարվում են, արդեն իսկ դրական տեղաշարժ է’’: Սակայն, թե ինչ կոնկրետ գործողություններ կիրականացվեն Ռուսաստանում տրված խոստումներից հետո, կերեւա եկող մի քանի ամիսների ընթացքում, ասում է նա:

Չնայած 19-րդ դարի շվեյցարական ամառանոցում անցկացված գագաթաժողովում համաձայնության մթնոլորտ էր տիրում, իրականում կան մի շարք լուրջ տարաձայնություններ: Առաջին մեծ խնդիրը կողմերի միջեւ Ուկրաինան է: Բայդենը հանդիպման ժամանակ մեկ անգամ եւս հայտնել է Ուկրաինայի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության նկատմամբ իր երկրի հավատարմությունը:

Եթե Բայդենը խոսել է Ալեքսեյ Նավալնիի մասին, ապա Պուտինը մատնանշել է Սեւամորթների կյանքն արժեք ունի’’ անունը կրող ցույցերը: Պուտինն անդրդվելի է Նավալնիի հարցով ու ասել է, թե ‘’Նավալնին մտածված կերպով վերադարձավ Ռուսաստան, որպեսզի ձերբակալվեր’’:

Կողմերը նաեւ խոսել են ԱՄՆ-ի ընտրություններում Ռուսաստանի կողմից միջամտություն ցուցաբերելու փորձերի մասին:

Չնայած Մեծ յոթնյակի ու ՆԱՏՕ գագաթաժողովներից հետո արձանագրված դրական որոշ արդյունքներին, Պուտինի հետ հանդիպումից դժգոհ է Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հանրապետական անդամ Ջեյմս Ռիշը: ‘’Ես հիասթափված եմ ‘’Հյուսիսային հոսք 2’’ խողովակաշարի կառուցման գործընթացից, որը շուտով մոտենալու է ավարտին: Հուսախաբ եղա այն փաստով, որ Բայդենը որեւէ ջանք չներդրեց Միջին հեռահարության միջուկային ուժերի պայմանագիրը Ռուսաստանի կողմից ոտնահարվելու հարցը վեր հանելու համար, երբ Բայդենի վարչակազմը միակողմանիորեն է իրականացնում զենքերի կրճատում’’, իր էջում գրել է սենատորը:

Հանրապետական սենատոր Լինդզի Գրեհեմին չի գոհացրել Բայդենի այն հայտարարությունը, ըստ որի, եթե վատթարանա Ալելքսեյ Նավալնիի առողջական վիճակը, ապա այն կվնասի Պուտինի դիրքերին ամբողջ աշխարհում: ‘’Կարծում եմ, նախագահ Բայդենը ճիշտ չի հաշվարկել, թե ում հետ գործ ունի’’, ասել է սենատորը:

Դեմոկրատ սենատոր Ջանեթ Շահինին գոհացրել է Բայդենի կեցվածքը, երբ վերջինս ‘’ուժեղ ուղերձ է հղել այն մասին, որ իր վարչակազմը աչք չի փակի Պուտինի ռազմատենչության վրա’’: Նրա խոսքերով, նախագահ Բայդեը հստակ է ասել, որ սխալ գործողություններ իրականացնողները կկանգնեն հետեւանքների առջեւ եւ որ ‘’Ռուսաստանը կկրի պատասխանատվություն մեր երկրի ազգային անվտանգության եւ համաշխարհային կայունության դեմ սպառնալիքների համար’’:

XS
SM
MD
LG