Մատչելի հղումներ

Սառը պատերազմը վերջին բանն է, ինչն այժմ ցանկանում է Պուտինը. ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 16-ին կայացած գագաթնաժողովում համաձայնել են, որ միջուկային պատերազմը չի կարող ունենալ հաղթող կողմ, և որ այդպիսի պատերազմներն անընդունելի են

Դրա մասին ասվում է նախագահներ Բայդենի և Պուտինի համատեղ հայտարարության տեքստում, որն ընդունվել է Ժնևում կայացած գագաթնաժողովից հետո: Բայդենն ու Պուտինը շեշտել են, որ նոր START-3 պայմանագրի վերականգնումը երկու երկրների՝ միջուկային զենքերի վերահսկման հավատարմության օրինակն է:

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ մոտ ապագայում ԱՄՆ-ը և Ռուսաստանը «միասին կսկսեն երկկողմ երկխոսություն ռազմավարական կայունության հարցով, որը կլինի մտածված և հուսալի»: «Այս երկխոսության միջոցով մենք նպատակ ունենք դնել զենքերի ապագա վերահսկման և ռիսկերի նվազեցման միջոցառումների հիմքերը», - հայտարարել են ԱՄՆ և Ռուսաստանի նախագահները:

Շուրջ երեք ժամ տևած բանակցությունները մեկնարկել էին ԱՄՆ ու ՌԴ նախագահների ու արտաքին գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ: Սպիտակ տան հայտնած տվյալներով, գագաթնաժողովի առաջին մասը տևել է շուրջ մեկուկես ժամ, որին հաջորդել են ընդլայնված կազմերով բանակցությունները:

Հանդիպումներից հետո նախագահները հանդես եկան առանձին մամլո ասուլիսներով: Լրագրողների հետ զրույցում ԱՄՆ նախագահը կարևորեց օտարերկրյա ղեկավարների հետ առերես հանդիպումները: Նա ընդգծեց, որ իր համար կարևոր էր նաև հավաստիացնել նախագահ Պուտինին, որ ԱՄՆ-ի քաղաքականությունն ուղղված չէ Ռուսաստանի դեմ:

Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ հանդիպումն անցել է դրական տոնայնությամբ: Խոսելով իրենց տարաձայնությունների մասին` զրուցակիցները չեն անցել թշնամաբար խոսելու եղանակին:

«Սառը պատերազմը վերջին բանն է, ինչն այժմ ցանկանում է Պուտինը», - հայտարարել է ԱՄՆ նախագահը:

ԱՄՆ նախագահը շեշտել է, որ գագաթնաժողովի ընթացքում կենտրոնական հարցերից մեկը կապված է եղել մարդու իրավունքների խնդրի հետ: Նա վերահաստատել է ԱՄՆ-ի վճռականությունը բարձրացնելու այս ոլորտի ու Ալեքսեյ Նավալնիի ճակատագրի հետ կապված հարցեր:

Բայդենը նշել է, որ հանդիպման ընթացքում ինքը բարձրացրել է նաեւ Ռուսաստանում ազատազրկված ամերիկացիներ Փոլ Ուիլանի ու Թրեւոր Ռիդի վերաբերյալ հարցեր: Եթե Պուտինը ցանկանում է, որ ամերիկյան բիզնես համայնքը ներդրումներ կատարի Ռուսաստանում, ապա թող ազատ արձակի ձերբակալված ամերիկացիներին, հայտնել է Բայդենը:

Իր հերթին Ռուսաստանի նախագահ Պուտինը մամլո ասուլիսի ժամանակ բանակցությունները որակել է կառուցողական, որոնք անցել են առանց թշնամանքի: Պուտինը նշել է, որ կողմերը պայմանավորվել են բանակցել ռազմավարական կայունության հարցերի շուրջ, ինչպես նաև մտադիր են փոխադարձ վերադարձնել դեսպաններին Մոսկվա և Վաշինգտոն: Նա սակայն չի հստակեցրել, թե երբ տեղի կունենա դեսպանների վերադարձը:

Վերլուծաբան Ալինա Պոլյակովայի կարծիքով, դժվար թե նախագահներ Բայդենի ու Պուտինի միջև հաստատվեն դրական հարաբերություններ: Նրա կարծիքով, ի սկզբանե սպասումները մեծ չէին հանդիպումից, ինչն էլ արդարացվեց:

՛՛Կարծում եմ ՝ անձնական հարաբերություններ այստեղ չեն ձևավորվի, այնպես որ, իմ կարծիքով, այս ամենին պետք է նայել միմիայն որպես գործնական հարաբերություններ, ոչ ավելին՛՛,- նշում է նա:

Իր հերթին ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Վլադիմիր Կարամուրզայի կարծիքով, ԱՄՆ վերջին շրջանի յուրաքանչյուր նախագահ գործել է նույն սխալը՝ փորձելով ընդհանուր եզրեր գտնել Վլադիմիր Պուտինի հետ՝ աչք փակելով Ռուսաստանում Պուտինի իշխանության բռնաճնշումների և ավտորիտար կառավարման վրա: Ըստ նրա՝ այդ նույն սխալներն են գործել նախագահներ Բուշը, Օբաման, Թրամփը:

՛՛Նախագահ Բայդենի առավելությունը ոչ միայն նախորդ վարչակազմերի՝ Վլադիմիր Պուտինի հետ կապված սխալներից դասեր քաղելու մեջ է, այլ նաև իր կառավարման ոլորտում ունեցած փորձառության բարձր մակարդակի, երբ խոսքը գնում է Ռուսաստանին վերաբերող հարցերին»,- նշում է Կարամուրզան:

Ժնևում իր մամլո ասուլիսի ավարտին նախագահ Բայդենն արձագանքեց լրագրողներից մեկի հարցին, թե ինչու է ինքը «վստահ», որ Պուտինը կփոխի իր վարքագիծը: Ի պատասխան, նախագահ Բայդենն ասաց. ‘’Վստահ չեմ, որ նա կփոխի իր վարքագիծը’’:

Facebook Forum

XS
SM
MD
LG