Ժնևում ավարտվել է ռուս-ամերիկյան գագաթնաժողովը, որից հետո երկրների ղեկավարները հանդես են եկել առանձին մամլո ասուլիսներով: Նախագահ Պուտինի ասուլիսին հաջորդեց ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպումը ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ:
Լրագրողների հետ զրույցում ԱՄՆ նախագահը կարևորեց օտարերկրյա ղեկավարների հետ առերես հանդիպումները: Նա ընդգծեց, որ իր համար կարևրո էր նաև հավաստիացնել նախագահ Պուտինին, որ ԱՄՆ-ի քաղաքականությունն ուղղված չէ Ռուսաստանի դեմ:
Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ հանդիպումն անցել է դրական տոնայնությամբ: Խոսելով իրենց տարաձայնությունների մասին` զրուցակիցները չեն անցել թշնամաբար խոսելու եղանակին:
ԱՄՆ նախագահը շեշտել է, որ գագաթնաժողովի ընթացքում կենտրոնական հարցերից մեկը կապված էր մարդու իրավունքների խնդրի հետ: Նա վերահաստատել է ԱՄՆ-ի վճռականությունը բարձրացնելու այս ոլորտի ու Ալեքսեյ Նավալնիի ճակատագրի հետ կապված հարցեր:
Բայդենը նշել է, որ հանդիպման ընթացքում ինքը բարձրացրել է նաեւ Ռուսաստանում ազատազրկված ամերիկացիներ Փոլ Ուիլանի ու Թրեւոր Ռիդի վերաբերյալ հարցեր: Եթե Պուտինը ցանկանում է, որ ամերիկյան բիզնես համայնքը ներդրումներ կատարի Ռուսաստանում, ապա թող ազատ արձակի ձերբակալված ամերիկացիներին, հայտնել է Բայդենը:
«Սառը պատերազմը վերջին բանն է, ինչն այժմ ցանկանում է Պուտինը», - հայտարարել է ԱՄՆ նախագահը:
Բայդենը նշեց, որ Պուտինի հետ զրույցի ընթացքում ինքը շեշտել է, որ Ռուսաստանը հնարավորություն է ունեցել անցնել ժողովրդավարական կառավարման համակարգին, բայց այդ փորձը ձախողվել է: Նախագահը նաև հիշատակել է ռուս մտավորականների շրջանում հայտնի քննարկումները երկրի կառավարման ձևի մասին: Նա ընդգծել է, որ հաղթանակ է տարել այն գաղափարախոսությունը, որը վերադառնում է ռուսական հեղափոխության ակունքներին՝ հիմքում դնելով ժողովրդի միավորման անհրաժեշտությունը պետության վերահսկողության ներքո:
Facebook Forum