Մատչելի հղումներ

Ժնև. Ինչպես մեկնարկեց Բայդեն-Պուտին գագաթնաժողովը 


Ժնևում մեկնարկել է ռուս-ամերիկյան գագաթնաժողովը: Սա ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի այս կարգավիճակում առաջին հանդիպումն է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Ամերիկյան աղբյուրների համաձայն՝ երկու առաջնորդները կերկխոսեն չորս-հինգ ժամ: Ըստ Սպիտակ տան, նախագահական գագաթնաժողովի առաջին մասը տևել է շուրջ մեկուկես ժամ: Հաջորդ փուլը ներառում է հանդիպում ընդլայնված կազմով: Ամերիկյան կողմից, բացի նախագահ Ջո Բայդենից մասնակցում են պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը, քաղաքական հարցերով պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը, Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը, Ազգային անվտանգության խորհրդի Ռուսաստանի գծով ավագ տնօրեն Էրիկ Գրինը և Ռուսաստանի գծով ազգային անվտանգության խորհրդի տնօրեն Ստերգոս Կալուդիսը:

Հանդիպման մեկնարկին Պուտինը հայտարարել է, որ հույս ունի, որ Բայդենի հետ հանդիպումը կլինի արդյունավետ:

«Պարոն նախագահ, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այսօր հանդիպելու Ձեր նախաձեռնության համար», - ասել է Ռուսաստանի ղեկավարը Բայդենի և երկու երկրների արտաքին գործերի նախարարների հետ միասին հանդիպման ընթացքում: «Գիտեմ, որ երկար ճանապարհորդություն եք ունեցել, շատ աշխատանք: Այնուամենայնիվ, ռուս-ամերիկյան հարաբերություններում կուտակվել են բազմաթիվ խնդիրներ, որոնք պահանջում են քննարկումներ ամենաբարձր մակարդակով, և հուսով եմ, որ մեր հանդիպումը կլինի արդյունավետ»,- ասել է Պուտինը:

Բայդենը իր հերթին նշել է, որ երկու առաջնորդները կփորձեն բացահայտել համագործակցության և փոխադարձ հետաքրքրություն ունեցող ոլորտներ:

«Միշտ ավելի լավ է դեմ առ դեմ հանդիպել», - նշել է ԱՄՆ նախագահը:

Երկրների միջև հարաբերությունները տարիներ շարունակ վատթարացել են, հատկապես Ռուսաստանի կողմից 2014 թ. Ղրիմի բռնակցումից, Սիրիայում 2015 թ-ին Մոսկվայի միջամտությունից և 2016 թ-ին ամերիկյան ընտրություններին միջամտելուց հետո:

Դրանք հետագայում էլ ավելի սրվեցին, երբ նախագահ Բայդենը Պուտինին անվանեց «մարդասպան», որից հետո Մոսկվան խորհրդակցությունների համար հետ կանչեց Վաշինգտոնում իր դեսպանին: Ապրիլ ամսին Վաշինգտոնը ևս հետ կանչեց իր դեսպանին:

Facebook Forum

XS
SM
MD
LG