Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը Աֆղանստանի բանակին չի օգնելու օդային գրոհներով


Այսօր նոր մանրամասներ են բացահայտվում Աֆղանստանից ամերիկյան ուժերի դուրսբերման մասին: Ամենավիճահարույց հարցերից մեկն այն է, որ Ամերիկան որոշել է դուրսբերումից հետո օդային գրոհներով չաջակցել Աֆղանստանի ուժերին ընդդեմ Թալիբանի:

Այս մասին ‘’Ամերիկայի Ձայն’’-ին տված հարցազրույցում ասում է ԱՄՆ-ի զինված ուժերի կենտրոնական հրամանատարության ղեկավար, գեներալ Ֆրենք ՄաքՔենզին: ‘’Այսօր, քանի դեռ մեր ուժերն այնտեղ են, մենք կշարունակենք օդային գրոհները: Սակայն դրանից հետո մեր գործողությունները կուղղվեն ընդդեմ ալ Քաիդայի եւ ԴԱԵՇ-ի’’, ասել է նա:

ՄաքՔենզիի խոսքերով, Աֆղանստանում հակաահաբեկչական նպատակներով օդային գրոհները կսահմանափակվեն միայն այն դեպքերի համար, երբ ստացվեն տեղեկություններ Ամերիկայի ու նրա դաշնակիցների դեմ նախատեսվող գործողությունների մասին:

Փորձագետներն ու նախկին հրամանատարներն այսօր մտահոգություն են հայտնում Աֆղանստանից ամերիկյան ուժերի հետքաշումից հետո Վաշինգտոնի կողմից իրականացվող քայլերի շուրջ տեղեկատվության սակավության վերաբերյալ: Նման մտահոգությամբ է հանդես գալիս օրինակ ԱՄՆ-ի զինված ուժերի կենտրոնական հրամանատարական անձնակազմի ղեկավար, պաշտոնաթող գեներալ Ջոզեֆ Վոթելը:

Սակայն, ինչպես հայտարարում են վարչակազմի պաշտոնատար անձինք, Աֆղանստանի զինվորականները կշարունակեն աշխատավարձ ստանալ ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի տրամադրած ֆոնդերի հաշվին: ԱՄՆ-ը ու ՆԱՏՕ-ն կօգնեն այս երկրին ռազմաօդանավերի պահպանության ու զորքերին մարզելու հարցում: Դրանք, ի դեպ, կիրականացվեն Աֆղանստանի տարածքից դուրս:

Իսկ ռազմական մեծաթիվ փորձագետներ կարծում են, որ ամերիկյան ուժերի դուրսբերումից հետո Աֆղանստանի բանակը կկազմալուծվի, եթե Ամերիկան սահմանափակվի միայն նշված ջանքերում:

Նրանցից Բրեդլի Բաումանն, օրինակ, ասում է, որ ‘’Մեր դուրս գալով, պատերազմը չի ավարտվում: Թալիբանն ու ալ-Քաիդան ուզում են ջիհադը շարունակել անվերջ: Այնպես որ, նրանք շարունակելու են կռիվը’’:

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը` Պենտագոնը հայտարարում է, որ Թալիբանի հաղթանակը կանխագուշակված եզրակացություն չէ: Սակայն նախարարության բարձրաստիճան պաշտոնյաները մասնավոր զրույցներում ընդունում են, որ իրենք մեծապես են մտահոգված նոր իրադրությամբ :

XS
SM
MD
LG