Մատչելի հղումներ

Բայդեն-Պուտին գագաթնաժողովի նախօրեին. կողմերն ընդգծում են իրենց դիրքորոշումները


ԱՄՆ ու ՌԴ նախագահների հանդիպման նախօրեին կողմերը հնչեցնում են հայտարարություններ՝ ընդգծելով իրենց դիրքրոշումներն ու նշելով գագաթնաժողովի օրակարգը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարևոր է որակել չորեքշաբթի օրը՝ հունիսի 16-ին կայանալիք հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նախագահը ընդգծել է, որ ինքը կառաջարկի Մոսկվային համագործակցել ընդհանուր հետաքրքրության ոլորտներում: Ելույթ ունենալով Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում՝ Բայդենը նշեց նաև, որ Չինաստանը և Ռուսաստանը փորձում են տրոհել տրանսատլանտյան դաշինքը:

՛՛Ես մեր դաշնակիցներին հայտնել եմ, թե ինչ եմ ասելու նախագահ Պուտինին: Ես կնշեմ, որ չեմ փնտրում հակամարտություն Ռուսաստանի հետ, բայց մենք կարձագանքենք, եթե Ռուսաստանը շարունակի իր վնասարար գործունեությունը: Մենք չենք հապաղի պաշտպանել տրանսատլանտյան դաշինքը կամ ժողովրդավարական արժեքները՛՛,- ասել է ԱՄՆ նախագահը:

Բայդենը նաև ասաց, որ այժմ Ռուսաստանում բանտարկված ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի հավանական մահը կդառնա ողբերգություն և վնաս կհասցնի Ռուսաստանի հարաբերություններին աշխարհի մյուս երկրների և ԱՄՆ-ի հետ:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը գագաթնաժողովից առաջ նույնպես հայտարարել է, որ եթե Ռուսաստանն ընտրի ագրեսիվ քաղաքականությունը շարունակելու եղանակը, Ամերիկան կտա հուժկու պատասխան’’:

Իր հերթին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպման նախօրեին հայտարարել է, որ բաց է մի շարք հարցերի շուրջ երկխոսության համար ԱՄՆ նախագահ Բայդենի հետ առաջիկա գագաթնաժողովում:

Խոսելով ամերիկյան NBC հեռուստաընկերության եթերում՝ Պուտինը նշել է, որ չնայած ԱՄՆ-ի հետ հարաբերություններն այսօր գտնվում են «վերջին տարիների ընթացքում ամենացածր կետում»՝ կողմերի միջև առկա են համագործակցության եզրեր, ինչը կարող է օգտակար լինեն երկու երկրներին:

՛՛Մենք ունենք երկկողմ հարաբերություններ, որոնք վատթարացել են վերջին տարիներին՝ հասնելով ամենացածր կետին: Այնուամենայնիվ, կան հարցեր, որոնք պարզաբանումների ու դիրքրոշումների ճշգրտման կարիք ունեն, որպեսզի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերն ավելի արդյունավետ կարգավորվեն` ի շահ ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Ռուսաստանի՛՛,- ասել է ՌԴ նախագահը:

Գագաթնաժողովին անդրադարձել է նաև Պուտինի օգնական Յուրի Ուշակովը, ով նշել է, որ չորեքշաբթի օրը կայանալիք Բայդեն-Պուտին հանդիպումը Ժնևում դժվար թե հանգեցնի կոնկրետ պայմանավորվածությունների, բայց բանակցությունները օգտակար կլինեն, հավելել է Ուշակովը:

Նա լրագրողներին ասել է, որ հանդիպման օրակարգը հաստատվել է երկուշաբթի օրը Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդական Ջեյք Սալիվանի հետ հեռախոսազրույցում: Ուշակովի խոսքերով, բանակցություններին կքննարկվեն միջուկային կայունության, կլիմայի փոփոխության, կիբերանվտանգության, ինչպես նաև Ռուսաստանի և ԱՄՆ-ի բանտերում գտնվող ԱՄՆ և Ռուսաստանի քաղաքացիների վերաբերյալ հարցեր:

Նա վստահ չէ, որ որևէ պայմանավորվածություն ձեռք կբերվի գագաթնաժողովին: Ես այս հանդիպմանը նայում եմ գործնական լավատեսությամբ, բայց ոչ մեծ, ասել է Ուշակովը:

Երկու երկրների ղեկավարները միմյանցից անկախ բարձրացրել են բանտարկյալների հնարավոր փոխանակման հարցը. երկու նախկին ամերիկացի զինծառայողներ ազատազրկված են Ռուսաստանում, իսկ ամերիկյան բանտում են գտնվում երկու ռուսաստանցիներ: Ազատազրկված անձանցից մեկի փաստաբանն անցյալ տարի ասել էր, որ ռուսաստանցի Վիկտոր Բուտը, ով զբաղված է եղել զենքի վաճառքով, այն բանտարկյալներից է, ում ազատությանն է ցանկանում հասնել Մոսկվան:

Facebook Forum

XS
SM
MD
LG