2020 թ.-ի դեկտեմբերին ԱՄՆ Սննդամթերքի և դեղորայքի վերահսկողության գերատեսչությունը հավանության արժանացրեց Pfizer պատվաստանյութի կիրառումը COVID-19- ի դեմ պայքարում: Սակայն, արդեն այդ օրերին գործի էր դրվել ռուսական ապատեղեկատվական արշավը, որը տարածում էր դրա ''վտանգավոր և մահացու'' լինելու մասին տեսակետը:
Ռուսական լրատվամիջոցները և սոցցանցերի գրառումներն անհիմն պնդումներ էին տարածում այն մասին, որ մարդիկ մահանում են Pfizer պատվաստանյութը ստանալուց հետո կամ որ Pfizer և Moderna պատվաստանյութերն առաջացնում են տարբեր խնդիրներ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնյաներն ասում են, որ Ռուսաստանի կողմից այս կեղծ պնդումները միտված են եղել խաթարելու վստահությունը Արևմուտքի կողմից արտադրվող պատվաստանյութերի նկատմամբ:
ԱՀԿ խոսնակ դոկտոր Մարգարեթ Հարիսը նշում է, որ այսօր ՛՛ինֆոդեմիկ՛՛ անունը կրող երևույթը նույնքան մեծ խնդիր է, որքան համաճարակը: Դա այն տեղեկատվությունն է, որը տարածվում է ամբողջ աշխարհում և ավելի արագ, քան հենց վիրուսը:
Սակայն Ռուսաստանը միայնակ չէ իր ապատեղեկատվական արշավում: The European External Action Service-ը իր վերջին զեկույցում նշում է, որ Կրեմլի աջակից լրատվամիջոցները և Չինաստանը աշխատում են խաթարել եվրոպական և ամերիկյան պատվաստանյութերի նկատմամբ վստահությունը:
ԱՄՆ պաշտոնատար անձինք իրենց հերթին ասում են, որ անում են հնարավորը ապատեղեկատվության այս ալիքի դեմ պայքարելու համար: ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Դանիել Քիմմեյջի խոսքերով, ամերիկյան կողմը հակազդում է ապատեղեկատվությանը մի շարք գործընկերների հետ միասին, ներառյալ այլ կառավարությունների ու քաղաքացիական հասարակության կազմակերպությունների: Նա կարևրում է պատվաստման նշանակությունը կորոնավիրուսի դեմ պայքարում, իսկ բազմաթիվ թվով կազմակերպություններ աշխատում են այս ուղղությամբ:
Այս ամբողջ ապատեղեկատվության արդյունքում դժվարանում է համաճարակի դեմ պայքարը: Պատվաստանյութերի նկատմամբ անվստահություն սերմանելը վնասում է նաև Ռուսաստանին, ասում են ոլորտի մասնագետները՝ ստեղծելով անվստահություն հենց Sputnik V ռուսական պատվաստանյութի հանդեպ:
Facebook Forum