Մատչելի հղումներ

Հարուստ երկրները սկսում են խոստանալ պատվաստանյութի մեծաքանակ չափաբաժիններ կարիքավոր երկրներին


Մեծ յոթնյակի գագաթաժողովի շրջանակներում հանդիպումներից հետո ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հանդես եկավ կարեւոր մի հայտարարությամբ: ‘’Միացյալ Նահանգները քովիդ 19 հիվանդության դեմ գնելու է կես միլիարդ չափաբաժին Pfizer-ի պատվաստանյութ, նվիրաբերելու համար մոտ հարյուր երկրների, որոնք ունեն այս համավարակի դեմ պայքարելու դժվարություններ’’, ասաց նա:

200 միլիոն չափաբաժինը կառաքվի մինչեւ 2021 թվականի վերջ, 300 միլիոն չափաբաժին տեղ կհասնի մինչեւ հաջորդ տարվա հունիս ամիսը: Այս չափաբաժինները լրացնելու են այն 80 միլիոնին, որոնք Միացյալ Նահանգներն առաքելու է արդեն այս ամսվա վերջին:

‘’Մեր այս նվիրատվությունը չունի որեւէ այլ նպատակ, քան մարդկային կյանքեր փրկելը’’, ասում է Ջո Բայդենը, որը փորձում է այս միջոցով օրինակ ծառայել աշխարհի հարուստ մյուս երկրների համար:

Բայդենի այս հայտարարությունից հետո էր, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը խոստացավ, որ իր երկիրն էլ առնվազն 100 միլիոն չափաբաժին կհատկացնի նույն նպատակով, ու հույս հայտնեց, որ Մեծ յոթնյակը կգա համաձայնության մեկ միլիարդ չափաբաժին այս ամառվա ընթացքում այլ երկրների հատկացնելու հարցի շուրջ:

Չնայած ակտիվիստները ողջունում են Բայդենի այս քայլը, սակայն միեւնույն ժամանակ պնդում են, որ հարուստ երկրները պիտի անեն ավելին, որպեսզի ամբողջ աշխարհում մարդիկ ենթարկվեն պատվաստումների:

Խոստացված չափաբաժինները բաշխվելու են ՄԱԿ-ի հիմնած COVAX ծրագրի շրջանակներում: Միայն ամերիկացի հարկատուների համար այն կկազմի 3.5 միլիարդ դոլար:

XS
SM
MD
LG