Մինչ հունիսի 16-ին Ժնեւում հանդիպում կունենան ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահները, երկու կողմերում այն կարծիքն է տիրում, որ միմյանց միջեւ կարեւորագույն մի շարք խնդիրներ գագաթաժողովը չի կարող դուրս բերել փակուղուց: Խնդիրների շարքում են միջուկային կայունությանը եւ քովիդի դեմ պայքարին առնչվող հարցեր, ինչպես նաեւ տարածաշրջանային հակամարտությունները:
Ջո Բայդենն ավելի վաղ հայտարարել էր, որ ինքը կոչ է անում Պուտինին դադարեցնել ԱՄՆ-ի ընտրություններում միջամտություն ցուցաբերելու փորձերը, հրաժարվել կիբեռհարձակումներից, դադարեցնել Ուկրաինայի ինքնիշխանության նկատմամբ սպառնալիքները եւ ազատ արձակել Կրեմլի քննադատ Ալեքսեյ Նավալնիին:
ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաներն այս հանդիպումը համարում են մի հնարավորություն` փոփոխության ենթարկելու համար Պուտինի նկատմամբ նախկին նախագահ Թրամփի ընտրած քծնանքի քաղաքականությունը: Ռուսական կողմում ասում են, թե իրենք սպասում են հստակեցում նոր վարչակազմի կողմից հնչող տարաբնույթ ու երբեմն ‘’հակասական’’ հայտարարություններում:
Պուտինը համարում է, որ Նավալնիի, ժողովրդավարության կողմնակից ակտվիստների եւ Բելառուսի հարցով ամերիկյան կողմից իրականացվող ճնշումները Ռուսաստանի ներքին գործերին միջամտելու փորձեր են:
Ռուսաստանին այսօր մեծապես են մտահոգում ամերիկյան կողմի պատժամիջոցները: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի կառավարությունը ռուսական մի շարք ընկերությունների է ընդգրկել սեւ ցուցակում, երկրից վտարել է ռուս դիվանագետների եւ ամերիկյան բանկերին արգելել Ռուսաստանի կենտրոնական բանկից ու ֆինանսների նախարարությունից գնել պարտատոմսեր:
Միացյալ Նահանգներրը նախազգուշացնում է, որ Ռուսաստանին կկանգնեցնի նոր տուգանքների առջեւ, սակայն դեռեւս չի ցանկանում ավելի սրել իրադրությունը:
Բայդենը նաեւ մտահոգություն է արտահայտել Ղրիմում եւ Ուկրաինայի սահմանի երկայնքոով ռուսական ուժերի տեղաբաշխումների վերաբերյալ:
Սպիտակ տունը տեղեկացնում է, որ Բայդենը Պուտինի հետ հանդիպման ժամանակ նաեւ վեր է հանելու Ryanair ընկերությանը պատկանող օդանավը Բելառուսի կողմից պարտադիր վայրէջքի բերելու եւ դրանից հետո օդանավում Բելառուսի այլախոհ լրագրողներից մեկին ձերբակալելու հարցը:
Ռուսաստանը շարունակում է հերքել այն լուրերը, ըստ որոնց պարտադրված վայրէջք իրականացրած օդանավից Մինսկում դուրս է եկել Ռուսաստանի չորս քաղաքացի, առաջ բերելով այս գործողության մեջ Ռուսաստանի մասնակցության մասին կասկածներ: