ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալ Թրամփին երկու տարով Ֆեյսբուքի իր հաշվեհամարից օգտվելու իրավունքից զրկելու մասին այս ընկերության որոշումը յուրահատուկ մի ուղերձ է աշխարհի երկրների առաջնորդներին: Սա ուղերձ է այն մասին, որ Ֆեյսբուքն այլեւս նրանց չի ցուցաբերի հատուկ վերաբերմունք, եթե նրանց խոսքը խախտում է կանոնները:
Այդ որոշումից զատ, սոցիալական այս ցանցի ղեկավարությունն ընդունել է նոր քաղաքականություն այն մասին, որ կարգելակի աշխարհի որեւէ երկրի ղեկավարի էջում այնպիսի նյութերի հրապարակումը, որոնք ոտնահարում են իր չափանիշները:
Ֆեյսբուքը նախկինում նման նյութերը թողնում էր անփոփոխ, հայտարարելով, որ դրանց նկատմամբ հասարակական հետաքրքրությունը մեծ է:
Ոմանք հիմա էլ դժգոհում են, որ Թրամփի հաշվեհամարի կասեցումը ժամանակավոր բնույթ է կրում: Նրանք պնդում են, որ պետությունների նման ղեկավարների հաշվեհամարների կասեցումը պիտի լինի մշտական:
Ֆեյսբուքն, ի պատասխան, հայտարարում է, որ վերադառնալուց հետո, նրանց նկատմամբ կիրառվելու են ավելի խստացված պատիժներ: Իսկ հատուկ դեպքերում, տվյալ մարդիկ սոցցանցից օգտվելու հնարավորությունից կզրկվեն մշտապես:
Անցյալ մեկ տարվա ընթացքում Ֆեյսբուքի ղեկավարությունը կոչ է արել կառավարությանը ավելի մեծ դեր ստանձնել ինտերնետի մասին կանոնները որոշելու հարցում:
‘’Ամերիկյան ժողովրդավարությունը ոչ թե Սիլիկոնյան հովտի պատասխանատվությունն է, այլ Ամերիկայի ժողովրդի’’, ասում են նրանք: Եվ այդ կանոնները պիտի ոչ թե մասնավոր ընկերությունները կազմեն, այլ ժողովուրդը’’: