Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի փոխնախագահը Գվատեմալայում ու Մեքսիկայում քննարկում է միգրացիայի հետ կապված խնդիրներ


ԱՄՆ-ի փոխնախագահ Քամալա Հարիսը կիրակի ուշ երեկոյան ժամանեց Գվատեմալա, որտեղ անցկացվելիք բանակցությունները կենտրոնանալու են արտագաղթի եւ թմրանյութերի անօրինական վաճառքի հետ կապված խնդիրների վրա: Փոխնախագահի պաշտոնում արտասահմանյան այս առաջին այցից հետո Հարիսն ուղեւորվելու է նաեւ Մեքսիկա: Այս այցերը տեղի են ունենում այն պահին, երբ Բայդենի վարչակազմը պատրաստվում է հայտարարել անօրինական առեւտրի եւ թրաֆիքինգի դեմ պայքարում նոր միջոցներ կիրառելու մասին:

Նախագահ Բայդենը Հարրիսին հանձնարարել է կենտրոնանալ ԱՄՆ-Մեքսիկա սահմանին միգրանտների նոր կուտակումների գլխավոր պատճառների վրա: Գվատեմալայի նախագահ Ալեհանդրո Գիամատեի եւ երեքշաբթի օրը Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոփեզի հետ անցկացվելիք բանակցությունների գլխավոր թեման լինելու է միգրանտների թվի աճի պատճառ հանդիսացող կոռուպցիան:

ԱՄՆ-ի փոխնախագահի այս ճամփորդությունը սկսվեց անհաջողությամբ, երբ թռիչքից երեսուն րոպե անց օդանավը վերադարձավ Մերիլենդ նահանգի Էնդրուզի անվան օդանավակայան` վայրէջքի արգելակում անսարքություն նկատվելուց հետո: Դրանից մեկ եւ կես ժամ անց Հարիսը նորից սկսեց ճամփորդությունը, սակայն` այլ օդանավով:

XS
SM
MD
LG