Մատչելի հղումներ

Պուտինը ստորագրել է «Բաց երկնքի մասին» պայմանագրի չեղարկման մասին օրենքը


Ավելի վաղ Վաշինգտոնը Մոսկվային տեղեկացրել էր, որ չի պատրաստվում վերադառնալ այս պայմանագրին, որից ԱՄՆ-ը դուրս է եկել նախորդ տարի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկուշաբթի օրը ստորագրել է «Բաց երկնքի մասին» պայմանագրի չեղարկման վերաբերյալ օրենքը, որը թույլ էր տալիս անդամ երկրներին դիտողական բնույթի թռիչքներ իրականացնել միմյանց տարածքներով:

Ռուսաստանը հույս ուներ, որ Պուտինը և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կկարողանան քննարկել այս հարցը Ժնևում կայանալիք առաջիկա հանդիպման ժամանակ, բայց մայիսին Բայդենի վարչակազմը տեղեկացրեց Մոսկվային, որ մտադիր չէ վերադառնալ այս պայմանագրին, որից անցյալ տարի դուրս էր եկել Թրամփի վարչակազմը:

Երկուշաբթի օրը Կրեմլը հայտնեց, որ ԱՄՆ-ի դուրս գալու որոշումը պայմանագրից «էապես խախտեց պայմանագրի մասնակից պետությունների շահերի հավասարակշռությունը» և ստիպեց Ռուսաստանին ևս դուրս գալ դրանից:

Մոսկվան հույս ուներ, որ Բայդենը կչեղարկի իր նախորդի որոշումը, բայց Բայդենի վարչակազմը չի փոխել մարտավարությունը ՝ մեղադրելով Ռուսաստանին դաշնագիրը խախտելու մեջ: Մոսկվան հերքում է այդ մեղադրանքները: Հունվարին Ռուսաստանը հայտարարեց պայմանագրից դուրս գալու մտադրության մասին, իսկ անցած ամիս կառավարությունը խորհրդարան ներկայացրեց օրենք, որը պաշտոնապես հայտարարեց դրա չեղարկման մասին:

Ռուսաստանի պաշտոնյաները ափսոսանք հայտնեցին պայմանագրին չվերադառնալու ԱՄՆ-ի որոշման կապակցությամբ ՝ այն անվանելով «քաղաքական սխալ» և զգուշացրեցին, որ այդ քայլը չի նպաստում մթնոլորտի բարելավմանը՝ գագաթնաժողովի ընթացքում զենքի վերահսկման շուրջ քննարկումներ ծավալելու համար:

Մայիսի վերջին ԱՄՆ կառավարության աղբյուրը հայտնել էր, որ պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանը իր ռուս գործընկերոջը տեղեկացրել է այս որոշման մասին: Տեղեկացվել են նաև ՆԱՏՕ-ի ԱՄՆ դաշնակիցները և այլ գործընկերներ:

Լրատվամիջոցների հաղորդմամբ, Բայդենի վարչակազմը կարծում է, որ պայմանագրի վերադարձը «սխալ ազդանշան» կլինի Ռուսաստանի համար:

՛՛Բաց երկնքի՛՛ պայմանագիրը ստորագրած մյուս մասնակիցները, ներառյալ ՆԱՏՕ-ի առանցքային դաշնակիցները, ցանկանում էին, որ ԱՄՆ-ը մնա պայմանագրում՝ պնդելով, որ այն ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև երկխոսության արժեքավոր խողովակ է:

Facebook Forum

XS
SM
MD
LG