Մատչելի հղումներ

ԼՂ վերջին պատերազմի ժամանակ Ռուսաստանն ամբողջապես չի աջակցել Հայաստանին. փորձագետի կարծիք


Ատլանտյան խորհուրդ կազմակերպության հովանու ներքո ընթացավ ռուս-թուրքական այսօրվա հարաբերություններին նվիրված քննրակում մի շարք վերլուծաբանների մասնակցությամբ

Թուրք-ռուսական հարաբերությունները միաժամանակ գործարքային են, համագործակցային և մրցակցային, գտնում է Ատլանտյան խորհուրդ կազկակերպության փոխնախագահ Դեյմոն Ուիլսոնը ռուս-թուրքական հարաբերություններին նվիրված քննարկմանը: Իր հերթին միջոցառման մասնակից, անկախ վերլուծաբան Պավել Ֆելգենհաուերը ռուս-թւորքական այսօրվա հարաբերությունների զարգացման հիմքում կարևորում է հատկապես Պուտինի ու Էրդողանի անձնական կապերը:

՛՛Նախագահ Պուտինը շատ սերտ հարաբերությունների մեջ է Թուրքիայի առաջնորդի հետ, ում նա համակրում է: Պուտինը կարծում է, որ կարող է այդ անձնական կապերի միջոցով հեռացնել Թուրքիային ՆԱՏՕ-ից ու Եվրոպայից և ստեղծել շատ ավելի լավ, նույնիսկ դաշնակցային հարաբերություններ Անկարայի հետ, որի շնորհիվ Ռուսաստանը կհասնի իր վերջնական նպատակին տարածաշրջանում. ունենալ սևծովյան նեղուցները վերահսկող բարեկամ տերություն՛՛,- ասում է նա:

Այս մոտեցումը, սակայն, ըստ նրա, չեն կիսում ռուսական ռազմական և դիվանագիտական շրջանակները, որոնց կարծիքով այս քաղաքականությոնը անիմաստ վատնում է ՌԴ ռեսուրսներն ու ֆինանսական միջոցները, քանի որ Թուրքիան ամեն դեպքում չի պատրաստվում հեռանալ Արևմուտքից:

Այս առումով խոսելով Հարավային Կովկասի մասին՝ վերլուծաբանը գտնում է, որ ղարաբաղյան վերջին պատերազմում ՌԴ-ը չի աջակցել ամբողջապես Հայաստանին ի տարբերություն Թուրքիայի, որը ամբողջությամբ օժանդակել է Ադրբեջանին: Հակառակ պարագայում, ըստ նրա, հայկական կողմը չէր ունենա նման տարածքային կորուստներ:

՛՛Ռուսաստանը մտապես փորձել է հավասարակշռել հարաբերությունները Հայաստանի ու Ադրբեջանի հետ: Այսօր ևս այդ հավասարակշռությունը պահպանվում է: Ռուսական զորքերը տեղակայված են Ղարաբաղում որպես խաղաղապահներ և պահպանում են խաղաղությունը, որը նշանակում է, որ Մոսկվան վերահսկում է երկու կողմերին՛՛,- նշում է նա:

Վերլուծաբան Ջոն Հերբսթի կարծիքով էլ, եթե Անկարան վերանայի իր մոտեցումները և փորձի հարաբերություներ հաստատել Հարավային Կովկասի բոլոր երեք երկրների հետ, իսկ ԱՄՆ աջակցություն ցուցաբերի այս հարցում, ապա հնարավոր է կայունություն հաստատել այս տարածաշրջանում և այստեղ նվազեցնել Ռուսաստանի ազդեցությունը: Դրա համար իրենց վարքագիծն ու կողմնորոշումը պետք է վերանայեն նաև Բաքուն և Երևանը: Մոսկվայի ազդեցության մեծացումը Հայաստանում ի դեմս ռուսական ռազմական ներկայության ընդլայնմանը, ըստ նրա, չի բխում ոչ միայն Թուրքիայի կամ ԱՄՆ-ի շահերից, այլ նաև՝ ՀՀ-ի, քանի որ այսպիսով էլ ավելի է մեծանում ռուսական վերահսկողությունը ՀՀ-ում:

՛՛Հայաստանը հույսեր էր կապում անվտանգության որոշակի ձևաչափի հետ, որը սակայն ձախողվեց: Ուստի եթե Երևանը այս պարտության արդյունքում կցանկանա վերանայել իր հիմնական կողմնորոշումները, ապա նրա առջև Հարավային Կովկասում կարող են բացվել ամեն տեսակի հնարավորություններ՛՛,- կարծում է Հերբսթը:

Նա վստահ է՝ Մոսկվան ցանկանում է դուրս մղել Վաշինգտոնին Հարավային Կովկասից, իսկ Թուրքիան կարող է բաց լինել ԱՄՆ-ի հետ համագործակցության համար, քանի որ երկու երկրներն էլ շահագրգռված են Հարավային Կովկասում Կրեմլի ազդեցության նվազեցման և այստեղ կայունության և բարեկեցության հաստատման մեջ, որը պետք է ընդգրկի տարածաշրջանի բոլոր երեք երկրները:

Թուրքիայում առկա են խնդիրներ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, և ԱՄՆ-ի կողմից դրանց անտեսումը սխալ էր, գտնում է վերլուծաբանը, ում կարծիքով ԱՄՆ հորդորում է Անկարային քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ, սակայն դա չպետք է լինի միակ պահանջը երկրների միջև հարաբերություններում:

Հիշեցնենք, որ Վաշինգտոնը բազմիցս քննադատել է Թուրքիայի գործող իշխանություններին երկրում առկա մարդու իրավունքների խնդիրների համար, իսկ իրավապաշտպան գլոբալ կառույցները շարունակաբար ահազանգում են մարդու իրավունքների պաշտպանության ու խոսքի ազատության հարցում Թուրքիայում արձանագրվող խախտումների մասին: Բացի այդ, ԱՄՆ պետքարտուղարությունը քննադատել է Թուրքիայի ակտիվ ներգրավվածությունը ղարաբաղյան վերջին պատերազմում՝ այն որակելով ռիսկային տարածաշրջանի համար:

Հարավային Կովկասից բացի վերլուծաբանների ուշադրության կենտրոնում էր նաև ռուս-թուրքական օրակարգը Ղրիմի և Դոնբասի, ինչպես նաև Ուկրաինայի հետ հարաբերությունների հարցերում, ուր, ըստ հնչեցված կարծիքների, Թուրքիան շարունակելու է հանդես գալ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և հակառուսական դիրքերից:

Facebook Forum

XS
SM
MD
LG