Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում մինչեւ հուլիս կկուտակվի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մի քանի հարյուր միլիոն չափաբաժնի ավելցուկ


ԱՄՆ-ում կորոնավիրուսի դեմ պատվաստումներ է ստացել արդեն 170 միլիոն մարդ : Կյանքն աստիճանաբար մտնում է բնականոն հուն: Մինչեւ հուլիսի չորսին Անկախության օրը, այստեղ պատվաստված կլինի բնակչության յոթանասուն տոկոսը:

Ամերիկայում խնամք են մատուցում պատվաստման ժամանած ծնողների երեխաներին, անվճար տեղափոխում մարդկանց դեպի պատվաստման կետեր, պատվաստումները հասանելի դարձնում նույնիսկ վարսավիրանոցներում:

Այսօր, երբ պատվաստումների ընթացքն ԱՄՆ-ում շարունակվում է անխափան, մասնագետներն ասում են, որ մինչեւ հուլիս ամիսը ԱՄՆ-ում կկուտակվի մի քանի հարյուր միլիոն չափաբաժնի ավելցուկ: Հիմա ճնշումներ են բանեցվում վարչակազմի վրա, որ այն հայտարարի, թե երբ եւ ինչպես է բաշխելու այդ ավելցուկը:

Ինչպես պետքարտուղար Էնթոնի Բլինքենն է ասել, ‘’Մենք հենվելու ենք հավասարության սկզբունքի վրա եւ մեր գործողությունները համակարգելու ենք ՔՈՎԱՔՍ-ի հետ: Հիշեցնենք, որ վերջինս ՄԱԿ-ի այն ծրագիրն է, որի նպատակը ցածր ու միջին եկամուտ ունեցող երկրներին պատվաստանյութերով ապահովելն է:

Ճապոնիայում հեռավար եղանակով անցկացված գագաթաժողովի ժամանակ չորեքշաբթի օրը ապահովվեց ՔՈՎԱՔՍ-ի համար 2 միլիարդ 400 միլիոն դոլարի հատկացումներ, ինչը նախագծին հատկացվող գումարի չափը հասցնում է մոտ տասը միլիարդի:

Դրանից բացի, ԱՄՆ-ը ծրագրում է մեծ չափաբաժիններ ուղարկել նաեւ առանձին պետությունների: Այդ խնդրանքով դիմած պետությունների շարքում են Հարավային Կորեան, Բանգլադեշն ու Վիետնամը:

Սպիտակ տունն այս առնչությամբ որոշում դեռեւս չի կայացրել:

XS
SM
MD
LG