ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կենտրոնաամերիկյան երկրներին կոչ է անում վերացնել կոռուպցիան, աղքատությունն ու թմրամիջոցների առեւտուրը: Նա այս կոչով հանդես եկավ Կոստա Ռիկայում, հանդիպում ունենալով տարածաշրջանի ղեկավարների հետ:
‘’Մենք հանդիպում ենք մի ժամանակահատվածում, երբ ժողովրդավարույթունն ու մարդու իրավունքների պաշտպանությունը կաղում են աշխարհի մի շարք հատվածներում: Տեսնում ենք դատական համակարգի անկախության կորուստ, ճնշումներ ընդդեմ մամուլի, քաղաքական ընդդիմադիրների գործունեության արգելք’’, ասել է նա:
Ասենք, որ լարվածություն վերջերս գրանցվեց ԱՄՆ-ի եւ Հյուսիսային եռանկյունու երկրների հարաբերություններում, երբ Պետդեպարտամենտը հրապարակեց այս երկնրերի ներկա ու անցյալ 16 պաշտոնյաների անուններ, որոնց մեղադրում է թմրանյութերի առեւտրի ու կոռուպցիայի մեջ:
Մարտ ամսին էր, որ Հոնդուրասի նախագահ Հուան Հերնանդեզի եղբայրը Նյու Յորքում դատապարտվեց ցմահ ազատազրկման` թմրանյութերի մեծածավալ առեւտուր իրականացնելու համար:
Հարաբերություններում լարվածությունը խորացավ, երբ Էլ Սալվադորի նախագահ Նայիբ Բուքելեն պաշտոնից ազատեց գլխավոր դատախազին եւ Գերագույն դատարանի դատավորներին:
Նման զարգացումները խոչընդոտ են դառնում Բայդենի վարչակազմի համար, որպեսզի այն կարողանար տեղ հասցնել այս տարածաշրջանի համար նախատեսած չորս միլիարդ դոլարի օգնությունը: Իսկ երկու ծովամրրիկների արդյունքում սննդարդյունաբերության ոլորտին հասցված վնասի պատճառով աճում է արտաքին օգնության կարիքը:
Վերլուծաբաններն ասում են, թե Կարիբյան ավազանի երկրների նկատմամբ Բայդենի պարտավորություններն այս առումով մեծանում են:
Բլինքենի այցն այս տարածաշրջան նախապատրաստում է երկրի փոխնախագահ Քամալա Հարիսի այցը, որը Բայդենից ստացել է այս երկրներից արտագաղթի գլխավոր պատճառներն ուսումնասիրելու հանձնարարություն:
Հարիսն անցյալ շաբաթ Սպիտակ տուն էր հրավիրել բիզնեսի առաջատար ղեկավարների, փորձելով զարկ տալ Կենտրոնական Ամերիկայում ներդրումներին: Սպիտակ տան կարծիքով այդ երկրներում տնտեսության աճը նկատելիորեն կկրճատի արտագաղթը դեպի Միացյալ Նահանգներ: