1921 թվականին Գրինվուդը աֆրոամերիկյան բարեկեցիկ համայնք էր Օկլահոմա նահանգի Տուլսա բնակավայրում: Այն ներառում էր Սև Ուոլ Սթրիթ անունով հայտնի թաղամասը: Սպիտակամորթ ամբոխը, որին աջակցում էր տեղի ոստիկանությունը, լիովին կրակի հանձնեց Գրինվուդը, որի արդյունքում եղան հարյուրավոր զոհեր, իսկ հազարավոր մարդիկ դարձան անօթևան: Դա ԱՄՆ պատմության սև էջերիղց մեկն է, որը տասնամյակներ շարունակ մնացել է քողարկված: Տեղի բնակիչները հայտնում են, որ նույնիսկ Թուլսայի բնիկները մինչև վերջերս չգիտեին դրա մասին:
Երեքշաբթի նախագահ Ջո Բայդենն այցելեց Գրինվուդի մշակույթի կենտրոն: Նա ԱՄՆ առաջին գործող նախագահն է, ով հիշատակում է Տուլսայում տեղի ունեցած ողբերգության տարելիցը: Իր խոսքում նախագահը շեշտում է՝ Տուլսայում տեղի ունեցածը կոտորած էր:
Բայդենը հանդիպեց սպանդը վերապրած երեք անձանց հետ, ովքեր ավելի քան հարյուր տարեկան են: Իր խոսքում նա վստահեցրեց, որ ԱՄՆ պատմության այս մութ էջն այլևս չի քողարկվի ու հայտնի կդառնա հանրության լայն շրջանակներին:
Տասնամյակներ շարունակ Տուլսայում տեղի ունեցած սպանդը քողարկվում էր, իսկ հանրային քննարկումներն ավելի ու ավելի շատ կենտրոնանում էին համակարգային ռասիզմի և Black Lives Matter շարժման վրա:
Սպանդից հետո մեկ դար անց սևամորթ ամերիկացիները շարունակում են ենթարկվել խտրականության: Կառավարության տվյալների համաձայն, սպիտակամորթ և սևամորթ ընտանիքների միջև առկա է սոցիալական մեծ անդունդ. միջին սպիտակամորթ ընտանիքն ութ անգամ ավելի հարուստ է, քան միջին սևամորթ ընտանիքը: Այս իրավիճակն էլ ավելի խորացավ կորոնավիրուսի համավարակի ընթացքում:
Բայդենը հայտարարեց սոցիալական բեւեռացումը վերացնելու քայլերի մասին, ներառյալ տասնյակ միլիարդավոր դոլարների ներդրումը անապահով համայնքներում, դաշնային պայմանագրերի ավելացումը փոքրամասնություններին պատկանող բիզնեսների համար և Թրամփի ժամանակաշրջանի սահմանափակումների վերացումը տնային պայմանների քաղաքականության ոլորտում:
Սակայն նախագահը չանդրադարձավ փոխհատուցման խնդրին ինչպես Թուլսայի սպանդի վերապրածների, այնպես էլ ընդհանուր աֆրոամերիկացիների ստրկատիրության շրջանի վերաբերյալ:
Բայդենի այցը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ շատ պահպանողական նահանգներ պահանջում են ընտրական նոր օրենքի ընդունում: Հանրապետականներն ասում են, որ պայքարում են ընտրակեղծիքները նվազեցնելու համար, բայց դեմոկրատների կարծիքով իրենց իրական նպատակն է սևամորթների և այլ փոքրամասնությունների քվեարկության դժվարեցումը:
Իր հերթին նախագահ Բայդենը հանձնարարել է ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսին՝ համակարգելու վարչակազմի քաղաքականությունն ընտրական արդար օրենսդրության ապահովման ուղղությամբ:
Facebook Forum