Արևմտյան տերություններին զայրացրել է Ալեքսանդր Լուկաշենկոյի վերջին վարքագիծը, որի արդյունքում Ryanair քաղաքացիական ինքնաթիռը ստիպված է եղել վայրէջք կատարել Բելառուսում, իսկ ընդդիմադիր բլոգեր Ռոման Պրոտասևիչը՝ ձերբակալվել: Եվրոպական և ամերիկյան պաշտոնյաներն ու օրենսդիրները դատապարտել են այդ գործողությունը՝ այն որակելով որպես առեւանգում:
Հանրապետական կոնգրեսական, Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի բարձրաստիճան անդամ Մայքլ Մաքքոուլը տեղի ունեցածը որակում է ՛՛պետության կողմից հովանավորվող առեւանգում՛՛, որի արդյուքում Լուկաշենկոն ավելի մեծ ուշադրություն հրավիրեց իր վրա արևմտյան տերությունների ու ՆԱՏՕ-ի կողմից: Մենք կարող ենք լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել, ասել է հանրապետական կոնգրեսականը՝ նշելով, որ տեղի ունեցածը կմեծացնի ճնշումը Լուկաշենկոյի նկատմամբ:
Միջադեպը, սակայն, անհանգստություն է առաջացրել նաև բելառուսական ժողովրդավարական ակտիվիստների շրջանում, ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում: Որոշ գործիչներ մտահոգություն են հայտնում սեփական անվտանգության տեսանկյունից՝ գտնվելով անգամ Բելառուսի սահմաններից դուրս:
Ահաբեկումն ու վախի զգացումի տարածումը հենց այն է, ինչին, կարծես, ձգտում է Բելառուսի ղեկավարը, ասում են վերլուծաբանները: Ֆլորիդայի միջազգային համալսարանի վերլուծաբան Դեյվիդ Կրամերի կարծիքով ահաբեկման այս մարտավարությունը միտված է վախեցնելու ընդդիմադիր գործիչներին, որ վերջիններս նույնպես կարող են արժանանալՊրոտասևիչի ճակատագրին:
Լուկաշենկոյին պատժելու համար Եվրոպան խզել է իր օդային կապը Բելառուսի հետ, իսկ ԱՄՆ-ը հայտարարել, որ ամբողջությամբ կվերականգնի տնտեսական արգելափակումներն ու պատճամիջոցները Բելառուսի ինը պետական ձեռնարկությունների նկատմամբ, ինչպես նաև բելառուսական ռեժիմի առանցքային գործիչների հանդեպ: Ոմանք, ներառյալ Դեյվիդ Կրամերը, սակայն, կոչ են անում կիրառել ավելի կոշտ միջոցառումներ, քանի որ ավտորիտար ղեկավարներն այժմ ուշադրությամբ հետևում են զարգացումներին:
Լուկաշենկոն նախկինում նույնպես ենթարկվել է արեւմտյան տերությունների պատժամիջոցներին: Ժողովրդավար ակտիվիստների կարծիքով այժմ անհրաժեշտ է հարվածել երկրի ամենաշահութաբեր արդյունաբերական ճյուղերին: Ըստ ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայայի խորհրդական Ֆրանթիշեկ Վիչորկայի՝ առկա են ռեժիմին աջակցող երեք հիմնական տնտեսական սեկտորներ, որոնք սնում են ռեժիմը՝ նավթաքիմիական նյութերի, փայտի և պողպատի ոլորտները:
Լուկաշենկոյի ամենամոտ դաշնակից Ռուսաստանը՝ ի դեմս Վլադիմիր Պուտինի, շտապեց ֆինանսական աջակցություն առաջարկել Բելառուսին ՝միաժամանակ մեղադրելով Արևմուտքին կեղծավոր քաղաքականության մեջ: Պուտինի խոսքերով՝ եղել են ժամանակներ, երբ արևմտյան տերությունները իջեցրել են այլ երկրների ինքնաթիռները, սակայն որևէ մեկը չի արձագանքել դրան:
ԱՄՆ օրենսդիրները չեն կասկածում, որ Պուտինը մասնակից է Ryanair- ի հետ կապված միջադեպի: Հանրապետական կոնգրեսական ՄայքլՄաքքոուլը նշում է, որ դա առաջ է բերում արտաքին քաղաքական լուրջ մտահոգություններ, որոնք, կոնգրեսականը հուսով է, կբարձրաձայնվեն հունիսի 16-ին նախատեսված նախագահ Բայդենի ու Պուտինի հանդիպման ընթացքում:
Facebook Forum