Մատչելի հղումներ

Հարցազրույց ԱՄՆ-ի կոնգրեսական Մայքըլ ՄաքՔոլի հետ


Ստորեւ ներկայացնում ենք ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերով հանձնաժողովի անդամներից Մայքըլ ՄաքՔոլի հետ ‘’Ամերիկայի Ձայն’’-ի ռուսական ծառայության հարցազրույցից որոշ հատվածներ.

Ձեր կարծիքով, ի՞նչ է պատահել Բելառուսում, կապված Ryanair օդանավի հետ:

  • Ես դա կանվանեի Լուկաշենկոյի կողմից հովանավորված առեւանգում: Քանի որ օդանավում էր գտնվում այդ այլախոհը, Բելառուսի իշխանությունները հորինեցին ռումբ տեղադրված լինելու մասին պատմությունը, նրան ձերբակալելու համար: Չէ որ այդ լրագրողը սպառնում էր Լուկաշենկոյի իշխանությանը:

Սպիտակ տան համաձայն, վարչակազմը պատժամիջոցներ է նախատեսում Լուկաշենկոյի վարչակարգի դեմ: Սակայն նրա իշխանության քսանյոթ տարվա ընթացքում պատժամիջոցները հաջորդել են միմյանց, բայց ունեցել են միայն չնչին ազդեցություն:

  • Կարծում եմ, երբ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հանդիպի Ռուսաստանի նախագահ Պուտինին, այս հարցն անպայման վեր կհանվի: Տեսնում ենք, թե ինչպես է այսօր միջազգային համայնքը դեմ դուրս գալիս Բելառուսին ու Ռուսաստանին: Այդ պատճառով է, որ նրանք իրենց ժողովուրդներին պահում են որպես պատանդներ:

Դուք նշեցիք Ռուսաստանը: Եվ ակնհայտ է, որ Մոսկվան հսկայական մեծ դեր է խաղում աշխարհաքաղաքական այս մթնոլորտում: Հիշենք նաեւ այն տեղեկությունները, որոնց համաձայն, այդ օդանավում են եղել Ռուսաստանի հետախուզության սպաներ: Ինչպե՞ս կբացատրեիք այս իրողությունը:

  • Կարծում եմ, ամեն ինչ նախապատրաստված էր հենց Պուտինի կողմից: Այնպես որ, Պուտինն այս ամենի մեջ մեղսակից է: Այդ առումով Լուկաշենկոն ավելի կարող է թեքվել դեպի Ռուսաստան, դեպի Պուտինի գիրկը: Սա կարող է ավելի մոտեցնել երկու երկրները միմյանց: Այստեղ է, որ ազատ աշխարհը պետք է կանգնի ոտքի ընդդեմ այդ երկու երկրների վարքագծի:

Ռուս-ամերիկյան հարաբերությունները Երկրորդ աշխարհամարտից հետո ամենացածր մակարդակի վրա են համարվում: Դեմոկրատները քննադատում էին Ռուսաստանի նկատմամբ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը, ասելով, թե նա բավարար չափով կարծրություն չի ցուցաբերում: Հիմա որոշ հանրապետականներ նույնն են անում Ջո Բայդենի պարագայում: Եթե դուք լինեիք Պուտինի հետ նույն բանակցային սեղանի շուրջը Բայդենի փոխարեն, ինչի մասին կխոսեիք նրա հետ հունիսի 16-ին Ժնեւում:

  • Առաջին օրակարգային հարցը կլիներ Բելառուսը: Մյուսը կլիներ Ղրիմը: Կասեի, որ պիտի դուրս գա Ռուսաստանը Ղրիմից: Կխոսեի կիբերհարձակումների մասին եւ որ նման հարձակումներն անպատասխան չեն մնալու ապագայում: Պուտինի նպատակը նախկին Խորհրդային Միությունը վերականգնելն է: Եվ նա աստիճանաբար իր վերահսկողության տակ է ուզում առնել Ուկրաինայի ռուսախոս ազգաբնակչությամբ տարածքները, ինչպես դա արեց Ղրիմի դեպքում: Եվ մենք մեր հանդիպումների ընթացքում պիտի շատ լուրջ ու խիստ խոսենք այդ հարցերի շուրջ:
XS
SM
MD
LG