Մատչելի հղումներ

Թուլսայի ջարդի 100-ամյակին Բայդենը կայցելի այս քաղաք


Այսօր, երբ Ամերիկայում քննարկման առարկա է դարձել ռասայական խտրականության հարցը, նախագահ Ջո Բայդենը պատրաստվում է մեկնել Թուլսա: Այստեղ շուտով նշելու են Թուլսայի ռասայական ջարդերի 100-րդ տարելիցը: Քաղաքը որոշել է որոնողական աշխատանքներ սկսել այն տեղանքում, որը շատերի համոզմամբ զանգվածային գերեզման է: Այստեղ են թաղված սեւամորթների վրա իրականացված զանգվածային հարձակման զոհ դարձած ավելի քան 300 անձանց մարմինները:

Բախումների պատճառ էր այն ժամանակ դարձել սեւամորթ 19-ամյա մի տղայի ձերբակալությունը, որը մեղադրվում էր սպիտակամորթ 17-ամյա մի աղջա վիրավորելու մեջ: 1921 թվականին սկսված գործողությունների արդյունքում կործանվել էր Թուլսայի Գրինուդի շրջանը: Այս շրջանը համարվում էր քաղաքի ամենահարուստ հատվածը:

Ինչպես այդ օրը վերապրած, այսօր 107-ամյա Վիոլա Ֆլեթչերն է ասում, ինքն այսօրվա պես է հիշում, թե ինչպես էին կրակում սեւամորթ տղամարդկանց: ‘’Փողոցը ծածկված էր սեւամորթների մարմիններով: Այսօր էլ քթիս մեջ է մնացել ծխի հոտը: Տեսնում եմ, թե ինչպես են այրվում սեւամորթներին պատկանող բիզնեսները: Լսում եմ օդանավերի ձայնը, որոնք թռչում էին մեր գլխավերեւով: Լսում եմ մարդկանց ճիչը: Ես այդ ջարդերի միջով եմ անցնում ամեն օր:

Մեր երկիրը, եթե մի օր մոռանա սրա մասին, ես երբեք չեմ մոռանալու’’, ասում է նա:

Այս ջարդերը վերապրած երեք անձինք անցյալ տարի դատական գործ էին հարուցել ընդդեմ Թուլսայի քաղաքապետարանի, մարզային խորհրդի եւ Օքլահոմա նահանգի: Հիմա հարցականի տակ է այն, թե արդյոք փոխհատուցում կտրամադրվի նրանց: Կամ եթե տրամադրվի, ապա որքան կհատկացվի եւ ում հետնորդներին դրանք կուղղվեն:

Քաղաքում այս շաբաթ բացվելու է Գրինուդի ապստամբությանը նվիրված թանգարան: Սակայն համերգ անցկացնելու ծրագրերը կարծես թե խափանվեցին, երբ վերապրածներին ու զոհերի հետնորդներին փոխհատուցում տրամադրելու շուրջ բանակցությունները մտան փակուղի:

Թուլսայի ջարդը ռասայական հողի վրա իրականացված ամենամահացու հարձակումն է եղել ԱՄՆ-ի ողջ պատմության ընթացքում: Այսօր քաղաքը սպասում է երկրի նախագահի այցին: Ի՞նչ բուժում նա կարող է առաջարկել դեռեւս բաց վերքի համար:

XS
SM
MD
LG