Virgin Galactic մասնավոր ընկերությունն այս շաբաթ, առաջին անգամը լինելով, տիեզերք արձակեց մի հրթիռ, որի թռիչքն իրականացվեց Նյու Մեքսիկո նահանգից: VMS Eve անվանումը կրող օդանավի արագությունը երեք անգամ գերազանցում էր ձայնի արագությանը: Այն իր հետ երկինք հանեց VSS Unity անվանումը կրող տիեզերանավը եւ նրա անձնակազմի երկու անդամներին: Այն հասավ երկրագնդից ութսուն կիլոմետր բարձրության:
Սա այս ընկերության երրորդ տիեզերական թռիչքն է, որը նախապատրաստում է զբոսաշրջիկների համար ճամփորդություններ դեպի երկրի ուղեծիր:
Որպես զբոսաշրջիկներ տիեզերք մեկնելու հերթի մեջ է մի քանի հարյուր մարդ, որոնք պատրաստ են դրա համար վճարել քառորդ միլիոն դոլար:
Այլ հաղորդագրությունների համաձայն, Եվրոպական տիզերական հետազոտությունների գործակալությունը այս շաբաթ ներկայացրեց դեպի լուսնի ուղեծիր արբանյակներ ուղարկելու իր տեսլականը:
Ինչպես գործակալությունը ներկայացնող Էլոդի Վիաուն է ասում, այս առաքելությունը թույլ կտա իրականացնել լուսնի արդյունավետ հետազոտություն, միեւնույն ժամանակ կապահովի արդյունավետ հեռահաղորդակցություն եւ նավիգացիոն ցանց:
Հեռահաղորդակցության նպատակով առաջին արբանյակը` Lunar Pathfinder-ը շահագործման կհանձնվի 2024 թվականին:
Այս շաբաթվա ընթացքում էր, որ ՆԱՍԱ-ն հայտարարեց իր այն ուսումնասիրության մասին, որ արբանյակները կարող են ամիսներ ու նույնիսկ տարիներ առաջ կանխատեսել երկրագնդի վրա հրաբխային ժայթքումները:
ՆԱՍԱ-ի գիտնականները, հենվելով տասնվեց տարի անցկացրած իրենց ուսումնասիրությունների վրա, եկել են այն եզրակացության, որ հրաբխից առաջ տվյալ տեղանքում ջերմաստիճանը բարձրանում է մեկ աստիճանով:
Այս շաբաթվա ընթացքում էր, որ գիշերային երկինքը սիրող մարդիկ աշխարհում ականատես եղան Սուպեր լուսին երեւույթին: Երեւույթ, որին երբեմն նաեւ անվանում են Սուպեր արնոտ լուսին:
Այն տեղի է ունենում, երբ լուսնային խավարումը համընկնում է այն պահի հետ, երբ լուսինն ամենամոտն է գտնվում երկրագնդին: Այդ ժամանակ լուսինը երեւում է սովորականից 14 տոկոսով ավելի խոշոր: Նրանք, ովքեր բաց են թողել այդ պահը, թող չվհատվեն, ասում են գիտնականները ու նշում, չէ որ այս երեւույթն ամեն տարի տեղի է ունենում մի քանի անգամ: