Մատչելի հղումներ

Ի վերջո, որտե՞ղից է ծագել կորոնավիրուսը


Չինաստանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ Միացյալ Նահանգները չունի քովիդ 19 հիվանդության ծագման հարցում գիտական ուսումնասիրություններ անցկացնելու հետաքրքրություն եւ պարզապես փորձում է քաղաքականացնել հետաքննությունը: Այս հայտարարությունից մեկ օր առաջ էր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն արձակել վիրուսի ծագման վայրի շուրջ հետախուզական տվյալները ուսումնասիրելու հրահանգ:

Այսօր, երբ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պատրաստվում է սկսել հիվանդության ծագման շուրջ ուսումնասիրությունների երկրորդ փուլը, Չինաստանը հայտնվել է նոր մանրամասնություններ հայտնելու ճնշումների ներքո` ելնելով այն չճշտված տեղեկություններից, որոնց համաձայն SARS-CoV-2-ը տարածվել է Ուհան քաղաքում կորոնավիրուսի ուսումնասիրությամբ զբաղվող լաբորատորիայից:

Չինաստանը պարբերաբար հերքում է լաբորատորիայի հետ կապված մեղադրանքները, հայտարարում, որ ԱՄՆ-ը ու մյուս երկրներն այդ եղանակով են փորձում մարդկանց ուշադրությունը շեղել կորոնավիրուսի դեմ գործուն պայքար մղելու ‘’անկարողությունից’’:

Բայդենը չորեքշաբթի օրն ասել էր, թե ԱՄՆ-ի հետախուզական գործակալությունները տարակարծիք են այն հարցում, թե արդյոք կորոնավիրուսը ծագել է վարակված կենդանիների հետ մարդկանց շփումից, թե լաբորատորիայում տեղի ունեցած ինչ որ վթարի պատճառով:

Չինաստանի ու ԱՀԿ-ի համատեղ ուսումնասիրությունից հետո մարտ ամսին հրապարակվել էր մի տեղեկանք այն մասին, որ այն հավանաբար առաջ է եկել լաբորատորիայից, հավելելով, որ վիրուսն ամենայն հավանականությամբ մարդկանց շրջանում է տարածվել չղչիկներից:

Չինաստանը շարունակում է պնդել այն հավանականությունը, որ քովիդ 19-ը ծագել է մեկ այլ երկրում եւ Չինաստան է հասել սառեցված ինչ որ սննդամթերքի միջոցով, կամ էլ` հարավ-արեւելյան Ասիայում վայրի կենդանիների մսի առեւտրի արդյունքում:

XS
SM
MD
LG