Մատչելի հղումներ

Միսնկի խումբը կոչ է անում ազատ արձակել բոլոր ռազմագերիներին, վերատեղակայել զորքերը եւ գործել համանախագահների հովանու ներքո


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) մայիսի 28-ին հայտարարություն են տարածել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման և Հայաստանի տարածք Ադրբեջանի ներխուժման հետևանքով ստեղծված սահմանային իրավիճակի վերաբերյալ:

Հայտարարության մեջ ասված է. «Համանախագահները մայիսի 27-ին և 28-ին Ժնեւում խորհրդակցություններ են անցկացրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պիտեր Մաուրերի և ՄԱԿ-ի՝ փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպինո Գրանդիի հետ: Հանդիպումներին մասնակցել է նաեւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Համանախագահներն ի գիտություն են ընդունել մայիսի 27-ին հայ 6 զինվորների գերեւարման մասին տեղեկությունը և կոչ են արել ազատ արձակել բոլոր ռազմագերիներին ու մյուս ձերբակալվածներին` «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով:

Համանախագահներն ընդգծում են գերիներին միջազգային հումանիտար իրավունքին համապատասխան վերաբերվելու պարտավորությունը: Նրանք կողմերին հորդորում են խստորեն եւ անհապաղ վերացնել Լեռնային Ղարաբաղ հումանիտար հասանելիության բոլոր սահմանափակումները, ինչպես նաև կոչ անում կողմերին կյանքի կոչել բոլոր նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարությամբ ստանձնած բոլոր պարտավորությունները:

Համանախագահները մտահոգություն են հայտնում հայ-ադրբեջանական՝ դեմարկացիայի չենթարկված սահմանին գրանցված միջադեպերի առնչությամբ: Անընդունելի է սահմանային վեճերը լուծելու հարցում ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը:

Կոչ ենք անում երկու կողմերին ձեռնարկել հրատապ քայլեր, այդ թվում` վերատեղակայել զինված ուժերը, մեղմել իրադրությունը եւ սկսել՝բանակցություններ խաղաղ ճանապարհով սահմանազատում և սահմանագծում իրականացնելու համար: Համանախագահները պատրաստ են աջակցել գործընթացի դյուրացմանը»,- ասված է համանախագահների հայտարարության մեջ:

Կարևորելով տարածաշրջանի ժողովուրդների կայուն, խաղաղ և բարգավաճ ապագան՝ նրանք մեկ անգամ եւս հորդորում են կողմերին հնարավոր ամենավաղ ժամկետներում գործել համանախագահների հովանու ներքո:

XS
SM
MD
LG