Մատչելի հղումներ

Ասիական ծագմամբ ամերիկացիների դեմ հարձակումների խնդիրը


ԱՄՆ-ի 16 քաղաքներում ոստիկանության հավաքած տվյալների համաձայն, գրանցվել է ասիական ծագմամբ անձանց նկատմամբ իրականացված հարձակումների թվի

164 տոկոսի աճ, համեմատած 2020 թվականի նույն ժամանակահատվածի հետ:

Ինչպես վիետնամցի ամերիկացի Թայլեր Դիփն է ասում, ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը ներկայացնող անձանց նկատմամբ ռասիզմի այս դրսեւորումներում նորություն չկա: ‘’Միակ տարբերությունն այն է, որ մամուլն այսօր ավելի շատ է խոսում այդ երեւույթի մասին, քան նախկինում’’, ասում է նա:

Ասիացի ամերիկացիների նկատմամբ ռասիզմի դրսեւորումներ են նկատվում ոչ միայն փողոցներում, այլ նաեւ սոցիալական ցանցերում:

Թիին Հոն Միացյալ Նահանգներն է տեղափոխվել վիետնամցի փախստական իր ծնողների հետ: Այժմ, որպես դատախազ, նա մատնանշում է հարձակումների փոքր թվի պատճառները: ‘’Դրանցից մեկը պետական կառույցների նկատմամբ անվստահությունն է’’, ասում է նա:

2020 թվականի մարտ ամսից ի վեր ռասիստական դրսեւրումների ավելի քան 6600 դեպք է գրանցվել հատուկ բացված ‘’Դադարեցրեք ասիացիների դեմ թշնամանքը’’ վերտառությամբ կազմակերպության կայքում:

Ասիացի ամերիկացիներից շատերն են ատելության այս ալիքի մեջ մեղադրում նախկին նախագահ Դոնալդ Թրամփին քովիդ 19 հիվանդության տարածման հարցով իր հռետորաբանության համար: Հիշեցնենք, որ Թրամփը կորոնավիրուսն անվանում էր ‘’չինական վիրուս’’:

Ասիացի ամերիկացիների ուսումնասիրությունների հարցերով դասախոս Ռասել Ջունգի խոսքերով, տնտեսական անկման, կարանտինի ենթարկվելու ու հիվանդությամբ վարակվելու վախը շատերին է Ամերիկայում, այսպես ասած, հանել ընդդեմ ասիացիների: ‘’Մարդիկ փորձում են գտնել քավության նոխազ, եւ նախորդ վարչակազմի քավության նոխազը Չինաստանի ժողովուրդն էր’’, ասում է նա:

Այս դեպքում տարբերակում չի էլ դրվում չինացիների ու ասիական այլ երկրներից այստեղ բնակվող անձանց նկատմամբ:

Այս ամենը ստիպում է, որ ասիական ծագմամբ ամերիկացիները երբեմն անցկացնեն բողոքի ցույցեր, այնպես, ինչպես սեւամորթներն են անցկացնում ընդդեմ սպիտկամորթ գերակայության: Ու չնայած ռասայական հիմքով հարձակումների նկատմամբ առկա մտավախությանն ու վախին, ասիացի ամերիկացիներն ասում են, որ երախտապարտ են իրենց երկրների համեմատ շատ ավելի լավ ու ավելի ազատ կյանք ԱՄՆ-ում ունենալու համար:

XS
SM
MD
LG