Մերձավոր Արեւելք կատարած ուղեւորության ընթացքում ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը խոստանում է, որ Վաշինգտոնը կկատարի Գազայի գոտուն աջակցություն կազմակերպելու իր առաքելությունը, նպատակ ունենալով զարկ տալ Համասի իսլամիստ կառավարիչների եւ Իսրայելի միջեւ կնքված հրադադարին:
Բլինքենն այցը սկսել է Երուսաղեմից, որտեղ բանակցություններ է անցկացրել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ: Վերջինս, ելույթ ունենալով լրագրողների առջեւ, սպառնաց ‘’շատ ուժեղ պատասխան հարվածով’’, եթե Համասը վերսկսի միջսահմանային հրթիռակոծումները:
Բլինքենի խոսքերով, Միացյալ Նահանգները միջազգային արշավ է սկսելու, որպեսզի զարկ տրվի միջազգային աջակցությանը: Նրա խոսքերով, ‘’միջազգային հատկացումների’’ մասին հայտարարություն կհրապարակվի քիչ ավելի ուշ:
‘’Այո, մենք աշխատելու ենք մեր գործընկերների հետ, վստահ լինելու համար, որ Համասը միջոցներ չի վաստակի Գազայի գոտին վերականգնելու նպատակով հատկացվելիք գումարից’’, ասել է Բլինքենը:
Բլինքենը նաեւ ծրագրում է այց կատարել Եգիպտոս ու Հորդանան: Այս ընթացքում Իսրայելի իշխանությունները թույլ են տվել, որ վառելանյութ, դեղամիջոցներ ու սննդամթերք առաքվի դեպի Գազայի մասնավոր սեկտոր: Սա կլինի առաջին առաքումը մայիսի տասին սկսված թշնամական ռազմական գործողություններից ի վեր:
Բլինքենը, որն ասել է, թե հույս ունի վերակառուցել հարաբերությունները Պաղեստինի ժողովրդի ու իշխանությունների հետ, ծրագրում է հանդիպում ունենալ նաեւ պաղեստինցիների արեւմտամետ նախագահ Մահմուդ Աբասի հետ: Հանդիպումը տեղի է ունենալու Հորդանան գետի արեւմտյան ափում գտնվող Ռամալլահ քաղաքում:
Հիշեցնենք, որ Իսրայելի եւ պաղեստինյան իշխանությունների միջեւ բանակցությունները փլուզվել էին դեռեւս 2014 թվականին: Ավելի ուշ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դադարեցրել էր պաղեստինցիներին հատկացվող օգնությունը եւ առաջ էր քաշել մի ծրագիր, ըստ որի Իսրայելին են մնում Հորդանան գետի արեւմտյան ափում հրեական թաղամասերը:
Երկու ղեկավարները չորեքշաբթի օրը խոսել են նաեւ Իրանի մասին: Իսրայելի վարչապետը հորդորել է, որ Միացյալ Նահանգները չվերադառնա Բարաք Օբամայի օրոք կնքված, Թրամփի օրոք ԱՄՆ-ի կողմից միակողմանիորոն չեղարկված Իրանի միջուկային միջազգային պայմանագրին:
Բլինքենն ասել է, թե այս հարցի շուրջ Միացյալ Նահանգները շարունակելու է քննարկումներն Իսրայելի հետ: